
Իտալիայի մարզերի կեսում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել եղանակի պատճառով

Իտալիայի Նախարարների խորհուրդը հայտարարել է երկրի 11 մարզերում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ վատ եղանակի հետեւանքների վերացման համար: Այդ մասին հայտնել է Կիջի կառավարական պալատը:
Երկրի իշխանությունները նման միջոցների են դիմում տուժածների օգնության ընթացակարգերի արագացման եւ վնասված տարածքների վերկանգնման համար պետական բյուջեից լրացուցիչ միջոցների տրամադրման նպատակով: Կառավարաթյան նիստի արդյունքներով, որը կայացել է նոյեմբերի 8-ի երեկոյան, արտակարգ դրություն է հայտարարվել Իտալիայի 20 տարածաշրջաններից ավելի քան կեսում: Դա երկրի ամբողջ հյուսիսն է, Սարդինիա եւ Սիցիլիա կղզիները, ինչպես նաեւ կենտրոնական մարզերը, որոնք գտնվում են Ապենինյան թերակղզու արեւմտյան ծովեզերքին:
Ինչպես, ամփոփելով նիստի արդյունքները, հայտնել է երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, Նախարարների խորհուրդը տարերքի հետեւանքների վերացման նախնական միջոցառումների համար հատկացրել է 53,5 միլիոն եվրո:
«Առաջիկա օրերին եւս 200 միլիոն եվրո կստացվի իմ դեկրետից հետո,- հայտարարել է նա իր Twitter-ում: Վերջին տվյալներով՝ ամբողջ երկրում տարերքի զոհ է դարձել 32 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: