Էրիկ Գրիգորյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ քննարկել է Նուբարաշենի 1053 տոննա աղտոտիչների արտահանման և ոչնչացման հնարավորությունները

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ/ԳԷՀ ծրագրի իրականացման արդյունքների, հետագա ընթացքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը հրավիրվել Էին նաև Ֆրանսիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կլեիր լե Ֆլերերը, Գերմանիայի դեսպանատան առաքելության ղեկավար Կլաուս Վենտելբերգը։

Հանդիպմանը քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում առկա 1053 տոննա առաջին կատեգորիայի կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոնների ոչնչացման տարբերակները: Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը ներկայացրել է գերմանական և ֆրանսիական այն ընկերությունների ցանկը, որոնք մասնագիտացված են օրգանական թափոնների ոչնչացմամբ։ Վերջինս տեղեկացրել է, որ Նուբարաշենում առկա 4123 տոննա աղտոտված հողը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է վնասազերծել տեղում:

Քննարկման արդյունքում առաջարկվել է, հաշվի առնելով Գերմանիայի և Ֆրանսիայի առաջադեմ փորձը և խորհրդային նախկին հանրապետություններից նմանատիպ գործընթաց կազմակերպելու փորձը, դեսպանատների միջոցով վերոհիշյալ երկրների կառավարությունների հետ դիտարկել 1053 տոննա աղտոտիչների արտահանմանը և ոչնչացմանն աջակցելու հնարավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս