Արմեն Սարգսյանը Գյումրիում էր
Նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այցի հիմնական նպատակը Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված նախկին վիրաբուժական հիվանդանոցի կառույցի պայմաններին ծանոթանալն էր:
Սակայն Արմեն Սարգսյանը դատարկաձեռն չէր եկել. հենց Գյումրիում ՀՀ նախագահը լրատվամիջոցներին տեղեկացրեց՝ կառույցի նախագծման աշխատանքերն իր վրա է վերցնում «Երևան, իմ սեր» հիմնադրամը: «Ոչ որպես նախագահ, այլ որպես «Երևան, իմ սեր» հիմնադրամի միջազգային խորհրդի նախագահ տեղեկացնում եմ, որ խորհուրդը հաստատել է՝ «Երևան, իմ սեր»-ը Շիրակի երկրագիտական թանգարանի կառույցի վերականգնման նախագծային աշխատանքների համար անհրաժեշտ ծախսն իր վրա է վերցնում»,-նշեց ՀՀ նախագահը: Կառավարության որոշմամբ Շիրակի երկրագիտական թանգարանին անհատույց օգտագործման է հանձնվել Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը:
Շիրակի երկրագիտական թանգարանը ստեղծվել է 1930 թվականին: 70 տարում այստեղ են կենտրոնացվել պատմական Շիրակ գավառի նյութական և հոգևոր մշակույթն արտացոլող տասնյակ հազարավոր նյութեր, որոնցից շատերը եզակի են և ունեն բացառիկ գիտամշակութային արժեք: Թանգարանի ցուցանմուշներն ամփոփված են հնէաբանության, հնագիտության, մարդաբանության, ազգագրության, դրամագիտության, գեղարվեստական, նոր և նորագույն պատմության փաստավավերագրական նյութերի հավաքածուներում: Թանգարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Բրետանի հնագիտական ծառայության համատեղ արշավախմբի կողմից պարբերաբար իրականացվում են Շիրակի հնագիտական հուշարձանների պեղումներ:
Չնայած ետերկրաշարժյան ծանր պայմաններին՝ թանգարանը Գյումրիում և Երևանում իրականացրել է մի քանի ցուցահանդեսներ: Այս պահին էլ թանգարանի վերանորոգման համար տարբեր մշակութային կառույցներ հանգանակություններ ու բարեգործական մշակութային ծրագրեր են իրականացնում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այցի շրջանակում Արմեն Սարգսյանը եղավ նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում և Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում: «Այսօր Գյումրի չեմ եկել որպես նախագահ, այլ որպես Արմեն Սարգսյան անձ, ով ժամանակին խոստացել էր, որ կհետևի թանգարանի ապագային: Այս թանգարանը ծառայելու է ոչ միայն Շիրակին, այլև ողջ հանրապետությանը: Գյումրին միայն բնակելի տների կարիք չունի, շատ կարիքներ ունի՝ աշխատատեղերի ու հին քաղաքի վերականգնման, որ տուրիստները սկսեն այցելել, ինչը նոր հնարավորություն կտա: Գյումրին յուրահատուկ ու տարբերվող քաղաք է, որն ամեն ինչից բացի, իր հինն ու ժառանգությունն է պահպանել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախագահը՝ ցավով փաստելով, որ երկրաշարժից 30 տարի անց դեռ քաղաքը մի շարք խնդիրներ ունի:
«Ցավոք, 30 տարի անցել է, բայց վերքը դեռ չի փակվել, և ցավը չի վերացվել: Ես ուսանողական տարիներին եկել և տեսել եմ Լենինականը, քաղաքը հիշում եմ նաև 1996 թվականին, երբ վարչապետ էի, եկա ու տեսա գյումրեցիների զուսպ հպարտությունը: Գիտեմ, որ Գյումրիում տնակներ կան, բայց կարծում եմ, որ Գյումրիի վերականգնումը միայն տուն տալով չէ: Գյումրին պետք է վերականգնվի, և մարդիկ պետք է աշխատանք ունենան»:
Արմենուհի Մխոյան