Արդյոք Տույի քույրն ու ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի որդին լինելո՞ւ են ՔՊ ցուցակում

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքում:

«Երբ քարոզարշավի տրամաբանությունը վերջնական որոշենք, այդ ժամանակ մանրամասներ կներկայացնենք: Ազգային ժողովում բյուջեի քննարկումներից հետո առիթ եմ ունեցել անդրադառնալու ռեյտինգայինի թեկնածուների խնդրին, երբ ցուցակի ամբողջական պատկերը կլինի, նոր կքննարկենք»,- ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին լինելո՞ւ է ՔՊ-ի ցուցակում, Արայիկ Հարությունյանը նշեց, որ ինքը նման տեղեկություններ չունի:

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե քրեական հեղինակություն Տույի քույրն էլ է լինելու ՔՊ ցուցակում, Հարությունյանը հետևյալն ասաց. «Երբ ցուցակը տեսնեք, այն ձեզ դուր կգա: Ինչո՞ւ պետք է դուր գա, որովհետև այն սկզբունքները, որոնք դրված են ձևավորման հիմքում, այն է՝ մարդը պետք է ունենա քաղաքական հետագիծ, պրոֆեսիոնալ հմտություններ, դրանք կիրառելու կարողություն, կարևոր են: Ցուցակի հետ կապված քննարկումները շարունակվում են»։

Կարդացեք նաև

Հարցին՝ ՔՊ-ի ցուցակում լրագրողներ կա՞ն, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ չի մտաբերում:

Թե ով կլինի ընդդիմություն, Արայիկ Հարությունյանը նշեց, որ ժողովուրդն ընտրությունների արդյունքում կձևավորի և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն: Նա ընդգծեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի ազատ, արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս