Բաժիններ՝

Արքայազն Չառլզը խոստացել է թագավոր դառնալուց հետո փոխել իր գործելակերպը

Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չառլզը խոստացել է թագավոր դառնալուց հետո փոխել իր գործելակերպը: Այդ մասին Ուելսի արքայազնը հայտարարել է Prince, Son & Heir – Charles at 70 հեռուստածրագրին տված հարցազրույցում, որը նոյեմբերի 8-ին ցուցադրվելու է եթերում, եւ որից վաղօրոք քաղվածքներ է հրապարակել The Telegraph թերթը:

Պատասխանելով այն հարցին, թե ինքը միապետի կարգավիճակում կշարունակի արդյոք մասնակցել հասարակական քարոզչական արշավներին, ինչն առայժմ նրան բնորոշ է, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճարտարապետությունը կամ շրջակա միջավայրի պահպանությունը, Չառլզը նշել է.

«Ո՛չ, դա չի լինի: Ես այդքան հիմար չեմ»: «Ես իրոք գիտակցում եմ, որ սուվերեն լինելը հատուկ ծիսակարգ է: Ուստի, իհարկե, ես լիովին հասկանում եմ՝ ինչպես դա պետք է տեղի ունենա»,-հավելել է արքայազնը՝ խոստանալով «գործել միապետի կյանքի սահմանադրական պարամետրերի շրջանակներում»:

«Դուք չեք կարող որպես սուվերեն նույնը լինել, եթե դուք Ուելսի արքայազնն եք կամ գահի ժառանգորդը: Կատարյալ անհեթեթություն է մտածելն իսկ, որ ես այսուհետեւ էլ պատրաստվում եմ գործել նույն կերպ, եթե հարկ լինի ժառանգել գահը, որովհետեւ դրանք երկու միանգամայն տարբեր իրավիճակներ են»,-ընդգծել է Ուելսի արքայազնը: Այս հայտարարությունները հնչել են գահաժառանգ արքայազնի ծննդյան 70-ամյակի նախաշեմին, որը Մեծ Բրիտանիայում տոնում են նոյեմբերի 14-ին:

Դրանք դարձել են Չառլզի առաջին հայտարարությունները նրա կողմից հետագայում միապետի գործառույթների կատարման վերաբերյալ: Ավելի վաղ գահաժառանգը կոռեկտ չէր համարում արծարծել այդ թեման, բայց Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին արդեն 92 տարեկան է, եւ հասարակայնությունը այսպես թե այնպես ցանկանում է իմանալ՝ ինչ սպասել ժառանգորդից, երբ նա կզբաղեցնի գահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս