Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնաթողության մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի պաշտոնաթողության մասին։ «Մենք ուրախ ենք հայտարարելու, որ Մեթյու Ուիթաքերը՝ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի աշխատակազմի ղեկավարը արդարադատության նախարարությունում, կդառնա գլխավոր դատախազի մեր նոր պաշտոնակատարը»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Սպիտակ տան ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սեշնսին կատարած աշխատանքի համար: «Մշտական փոխարինումը կհայտարարվի ավելի ուշ»,- հայտնել է Թրամփը: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ-ի նախագահը քանիցս քննադատել է Սեշնսին, այդ թվում՝ հրապարակավ, այն բանի համար, թե ինչպես է նա ղեկավարում արդարադատության նախարարությունը: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ արդարադատության նախարարության աշխատակիցները դավեր են նյութում իր դեմ:

Ինչպես հայտնել է The Wall Street Journal թերթը, Թրամփն արդեն մի քանի թեկնածություն է դիտարկում Ջեֆ Սեշնսի փոխարեն, որոնց թվում են՝ ԱՄՆ-ի առողջապահության նախարար Ալեքս Ազարը եւ Ֆլորիդայի նահանգի գլխավոր դատախազ Պամելա Բոնդին: Մյուս հնարավոր թեկնածուների թվում թերթը նշում է ԱՄՆ-ի նախկին գլխավոր դատախազ Ուիլյամ Բառային, որն աշխատել է Ջորջ Բուշ Կրտսերի վարչակազմում, եւ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանիին, որը ներկայում Թրամփի փաստաբանն է:

Ինչ վերաբերում է Սեշնսի հետագա ճակատագրին, ապա, CNN հեռուստաալիքի տվյալներով, նա չի բացառում, որ կարող է մասնակցել 2020 թվականի ընտրություններին՝ պայքարելով հայրենի Ալաբամա նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատորի տեղի համար: 1997-2017 թվականներին Սեշնսն արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս