Արիանա Գրանդեն` տարվա կին
Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն նոյեմբերի 6-ին տարվա կին ճանաչվել Billboard երաժշտական հանդեսի վարկածով: Այդ մասին հաղորդվում է հրատարակության կայքում:
«Արիանա Գրանդեն ինքնատիպ աստղ է, որը չի ցանկանում ենթարկվել ինդուստրիայի որեւէ որոշակի թրենդի կամ ուղու»,-հանդեսի ընտրությունը մեկնաբանել է Billboard-ի՝ կոնտենտի գծով փոխնախագահ Ռոս Սքարանոն: «Նա համարձակ է, նա ստեղծում է իր կարիերայի ընթացքում լավագույն երաժշտությունը, եւ նա, անտարակույս, արժանի է տարվա կնոջ կոչմանը»,-հավելել է նա:
Ինչպես նշում է հրատարակությունը, պարգեւի հանձնումը կկայանա Billboard Women in Music 13-րդ ամենամյա արարողությանը, որը դեկտեմբերի 6-ին տեղի կունենա Նյու Յորքում: Անցյալ տարի այդ կոչմանն արժանացել է երգչուհի Սելենա Գոմեսը: Գրանդեի երաժշտական կարիերան սկսվել է 2017 թվականին: 2016 թվականի նոյեմբերին երգչուհին արժանացել է American Music Awards հեղինակավոր երաժշտական մրցանակին «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում:
Բացի երաժշտությունից, Գրանդեն ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ: Այս տարվա սկզբին նա մասնակցել է «Երթ հանուն մեր կյանքի» ակցիային, որն ուղղված էր ԱՄՆ-ում հրաձգության եւ զանգվածային սպանությունների հետ կապված միջադեպերի դեմ: Սոցիալական ցանցերում երգչուհին քանիցս հանդես է եկել գենդերային հավասարության եւ ոստիկանության կամայականություններից աֆրոամերիկացիների պաշտպանության օգտին:
2017 թվականի մայիսի 22-ին «Մանչեսթր-Արենայում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Գրանդեն օգնել է One Love Manchester բարեգործական համերգի կազմակերպմանը, որն ավելի քան 23 մլն դոլար հավաքեց տուժածներին ու նրանց ընտանիքներին օգնելու համար: Billboard-ը ամերիկյան շաբաթահանդես է երաժշտական ինդուստրիայի մասին: Մասնավորապես, հանդեսը հայտնի է իր երաժշտական հիթ-շքերթներով եւ լավագույն երգերի չարթերով՝ անկախ ժանրից: Բացի այդ, լավագույն կատարողների Billboard ամենամյա մրցանակը ամենահեղինակավոր պարգեւներից մեկն է ԱՄՆ-ի երաժշտական ինդուստրիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: