Օումուամուա աստղակերպը կարող է արտերկրային քաղաքակրթության պատգամաբեր լինել. աստղաֆիզիկոսներ
Գիտնականների կողմից հայտնաբերված աստղակերպերից առաջինը, որոնք դրսից հայտնվել են մեր Արեգակնային համակարգում, եւ որն ստացել է Օումուամուա (հավայի լեզվով – պատգամաբեր հեռվից) անունը, զոնդ է, որն ուղարկվել է արտերկրային քաղաքակրթության կողմից:
Այս վարկածն առաջադրել են Հարվարդի համալսարանի աստղագետներ Ավի Լոեբը եւ Շմուել Բիալին: Նրանց զեկույցը հրապարակել է The Astrophysical Journal Letters («Նամակներ աստղաֆիզիկական հանդեսին») մասնագիտացված հանդեսը՝ նոյեմբերի 12-ին լույս տեսնող համարում։
Ինչպես նոյեմբերի 5-ին NBC հեռուստաընկերությանը հայտնել է Լոեբը, արտասովոր սիգարակերպ ձեւը, շարժման ոչ բնորոշ հետագիծը, դրա արագացման առանձնահատկություններն Արեգակնային համակարգի ներսում տեղաշարժման ժամանակ այդ օբյեկտը տարբերում են գիտությանը հայտնի աստղակերպերից եւ գիսաստղերից:
Հետազոտողները չեն բացառում, որ դա «կարող է լիովին կառավարվող զոնդ լինել, որը հատուկ դեպի Երկիր է ուղարկվել արտերկրային քաղաքակրթության կողմից: Օումուամուայի հետագծի նախնական հաշվարկները հիմք են տալիս կարծելու, որ աստղակերպն Արեգակնային համակարգ է եկել Քնարի համաստեղության ամենավառ աստղից՝ Վեգայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: