Գեղագիտական կրթության բնագավառում նոր մոտեցումներ են սպասվում. մեկնարկում է «ԴասA» նախագիծը
Պատանիների մշակութային կրթությանն ուղղված «ԴասA» նախագիծը միտված է կրթության բնագավառում նոր մոտեցումներով հանդես գալ, ինչի շնորհիվ պատանիների շրջանում կհանրայնացվի դասական, ազգային արվեստը, կսերմանվեն բարձր արժեքներ:
Նախագիծը մեկնարկում է ՀՀ կրթության և գիտության ու մշակույթի նախարարությունների ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ: Այն ներդրվելու է Երևանի 35 ավագ դպրոցում՝ ներգրավելով 10-12-րդ դասարանների 14-17 տարեկան 13 532 աշակերտի։
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախագծի գաղափարը ծնվել է հունիս ամսին՝ դպրոցներում մշակութային ծրագրեր իրականացնելու հարցի քննարկման ժամանակ:
«Ծրագիրը բավականին հետաքրքիր է, միտված է մշակույթն ու բարձր արժեքները դպրոց ներմուծելուն, աշակերտներին դասական երաժշտություն լսել սովորեցնելուն»,- շեշտեց Հարությունյանը:
Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այն շատ կարևոր բնույթ է կրում:
«Մենք նախագծի մասին խոսելիս մտածում էինք, որ այն պետք է հետաքրքիր լինի, որպեսզի երեխաները կարողանան ինտեգրվեն այս գործընթացին: Դասական երաժշտությունն ունակ է մարդկանց մեջ փոխել ենթագիտակցությունն, ինչպես նաև կրթել»,- ասաց Սմբատյանը:
Նա ընդգծեց, որ նախագիծը կոչվում է «ԴասA», քանի որ երաժշտական ամբողջ համակարգը լարվում է A նոտայով՝ դա «լյա» նոտան է:
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նշեց, որ 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներից սկսած մշակութային ծրագրեր են մշակվում, որոնք պետք է համատեղ իրականացվեն կրթական հաստատությունների հետ:
«Այդ ծրագրերն իրականացվում են առաջին հերթին, որպեսզի մշակութային օջախների մշակութային զարգացվածությունն աճ արձանագրի, ինչպես նաև դրանք հետաքրքրվածություն առաջացնեն, մասնավորապես, դպրոցականների շրջանում: Արդեն իսկ մեկնարկել է թանգարաններ և պատկերասրահ այցելելու աբոնեմենտային ծրագիրը, իսկ այս մեկը վերաբերում է դասական երաժշտությանը»,- ասաց Մակունցը:
Ծրագիրն անց է կացվելու երեք փուլով՝ Սիմֆոնիկ նվագախմբի անդամները՝ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, դպրոցներում աշակերտների հետ իրականացնելու են նախապատրաստական աշխատանքներ։ Հատուկ մշակված ծրագրի և համապատասխան պատրաստում անցած մասնագետների միջոցով տրվելու են երաժշտական բազմաշերտ գիտելիքներ։
Այնուհետև աշակերտները «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունկնդրելու են հատուկ իրենց համար պատրաստված համերգային ծրագրերը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Ծրագրում մեծամասամբ ներառված են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Հետադարձ կապի միջոցով ուսումնասիրվելու է ծրագրի ազդեցությունն ու արդյունավետությունը։ Մոնիթորինգն իրականացվելու է «ԴասA» բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի կլինի առաջին համերգին՝ նոյեմբերի 10-ին։
Նախատեսվում է, որ մասնակից աշակերտների նվազագույնը 20 տոկոսը կվերադառնա համերգասրահ: