Եվրամիությունը մեկ տարով երկարացրեց Վենեսուելայի դեմ սահմանված պատժամիջոցները
Եվրամիությունը Վենեսուելայի դեմ սահմանված պատժամիջոցները երկարացրել է մեկ տարով՝ մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 14-ը: Այդ մասին ասված է ԵՄ-ի Խորհրդի հայտարարության մեջ, որը նոյեմբերի 6-ին տարածվել է Բրյուսելում:
«Այն բանի կապակցությամբ, որ Վենեսուելայի իրադրությունը շարունակում է վատթարանալ, Խորհուրդը որոշեց ներկայում գործող պատժամիջոցների ժամկետը երկարացնել մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 14-ը»,-նշում է դրանում:
2017 թվականի նոյեմբերին ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել են հարավամերիկյան հանրապետությանը զենքի, ինչպես նաեւ տեխնիկայի ու սարքավորումների մատակարարման արգելքի սահմանումը, որը կարող է օգտագործվել «ներքին բռնաճնշումների համար»: Բացի այդ, որոշում է ընդունվել Վենեսուելայի համար սեւ ցուցակ ստեղծելու վերաբերյալ:
Վերջին տարիներին Վենեսուելան սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամ է ապրում, որն ուղեկցվում է գերարժեզրկմամբ, ազգային արժույթի դեւալվացիայով եւ առաջին անհրաժեշտության ապրանքների ու դեղորայքի անբավարարությամբ: ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդիի գնահատումների համաձայն, ներկայում Վենեսուելայի սահմաններից դուրս գտնվում են այս երկրի ավելի քան 2,6 մլն քաղաքացիներ: Երկիրն օրական լքում է շուրջ 5 հազար մարդ:
Վենեսուելայի կառավարությունը հերքում է երկրում հումանիտար ճգնաժամի առկայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: