Բաժիններ՝

«Կազբեգի-Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհը պարբերաբար փակվելու է

Ռուս-վրացական սահման՝ «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ անցակետ տանող ճանապարհը երկու օրվա ընթացքում պարբերաբար փակվելու է ցերեկային ժամերին: Այդ մասին ասված է Վրաստանի տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Մասնավորապես, արգելքը գործելու է նոյեմբերի 7-ին եւ 8-ին՝ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 29-րդ կիլոմետրում: Դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, ժայռամագլցողները վեացնելու են ճանապարհի երկայնքով ձգվող ժայռի այն մասերը, որոնք կարող են քարաթափում առաջացնել ավտոմայրուղում:

«Այդ կապակցությամբ նոյեմբերի 7-ին եւ 8-ին ժամը 10:00-ից մինչեւ 17:00-ն անհրաժեշտ է պարբերաբար մեկժամյա ընդմիջումով փակել ավտոմեքենաների երթեւեկությունը ճանապարհի նշված հատվածում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշված ռեժիմով ավտոմոբիլային երթեւեկությունը համակարգելու է պարեկային ոստիկանությունը: Ռազմավիրական ճանապարհը Վրաստանի առավել վտանգավոր ճանապարհներից մեկն է: Ձմռանը կլիմայական բարդ պայմանների պատճառով ճանապարհը հաճախ են փակում, ինչը մեծ խնդիրներ է ստեղծում ճանապարհորդների, ինչպես նաեւ բեռներ փոխադրողների համար:

Նշենք, որ ներկայում դա գործող միակ ավտոճանապարհն է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս