«Եվրոպական ջազի պատմություն» հանրագիտարանում մի ամբողջ գլուխ նվիրվել է հայկական ջազին
Հայկական ջազի 80-ամյա պատմությանը նվիրված մի ամբողջ գլուխ ընդգրկվել է Մեծ Բրիտանիայում հրատարակված «Եվրոպական ջազի պատմություն» հանրագիտարանում:
Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոդվածի հեղինակ, լրագրող, վերլուծաբան, երաժշտագետ Արմեն Մանուկյանը:
«Հայկական ջազին անդրադարձող գլխում ներկայացվում է ութսունամյա ջազի ամբողջ պատմությունը: Ամեն ինչ սկսվում է Արտեմի Այվազյանից, Կոնստանտին Օրբելյանից և ավարտվում է Հայաստանի պետական ջազ-նվագախմբով (գեղարվեստական ղեկավար` Արմեն Հյուսնունց): Հիշատակում կա նաև Հայաստանի ջազ-ասոցիացիայի մասին»,-ասաց հեղինակը:
Մանուկյանը շեշտեց, որ խոսվում է Հայաստանում իրականացված բոլոր ջազ-փառատոնների մասին, բոլոր այն հայ ջազային երաժիշտների, որոնք ութսուն տարվա ընթացքում հայկական ջազի փառքն են կերտել:
Հեղինակի խոսքով` գիրքը հրատարակող կողմը բավականին դժվար է համաձայնել հոդվածը զետեղել գրքում, բայց, հայկական ջազի ազդեցությանը տրվելով, ի վերջո, զիջել է:
Հանրագիտարանը մի քանի օր է, ինչ Երևանում է: Մանուկյանը հույս հայտնեց, որ այն կնպաստի Եվրոպայում հայկական ջազի ճանաչմանն ու տարածմանը: «Կարծում եմ` դա լավ նվեր է հայկական ջազի և Հայաստանի պետական ջազ-նվագախմբի ութսունամյակներին»,-եզրափակեց Արմեն Մանուկյանը: