2020 թվականին ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն առանց վիզային ռեժիմի մեկնել եվրոպական երկրներ

ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը խորհրդարանում Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադառնալով եվրոպական երկրներում բնակվող հայերի՝ կարգավիճակի ձեռքբերման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցերին, նշեց, որ այս պահին ՀՀ արտգործնախարարությունը չի կարող հստակ ասել, թե Եվրոպայում քանի հայ է բնակվում, որը չունի կարգավիճակ։

«Մեր հայրենակիցների վերադարձման և վերաինտեգրման հարցերը գտնվում են առաջնահերթությունների շարքում։ Կարող եմ ասել, որ կա բավականին հետաքրքրություն Հայաստան վերադարձի տեսանկյունից, վերադարձն առհասարակ կազմակերպվում է Հայաստան-ԵՄ համապատասխան իրավական փաստաթղթերով։ ԵՄ անդամ տարբեր երկրների հետ համապատասխան չարտերային չվերթերով Հայաստան են վերադառնում մեր այն հայրենակիցները, որոնք անօրինական ճանապարհով բռնել էին արտագաղթի ճանապարհը»,- շեշտեց Կարեն Նազարյանը։

Անդրադառնալով վիզաների ազատականացման մասին հարցին, նա նկատեց, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվել է վիզաների դյուրացման մասին համաձայնագիրը, որի կիրարկումը համապատասխան պայմաններ պետք է ստեղծի Եվրամիության հետ վիզայի ազատ ռեժիմ հաստատելու ուղղությամբ։

«Մենք ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ իրականացնում ենք  տարբեր հանդիպումներ, ինչը մեզ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր տարի վեր հանել և ներկայացնել վիզաների երկխոսության մեկնարկի վերաբերյալ զեկույցը և ներկայացնել Հայաստանի պատրաստակամությունը վիզայի ազատ ռեժիմ ունենալու համար։ Համապատասխան ժամանակահատվածում ազատ վիզային ռեժիմ ունենալու ձևակերպումը հստակ նշված է Հայաստան-ԵՄ համաձայնագրի 14-րդ պարբերությունում։ Այս մասին հստակ ձևակերպումներ կան Ռիգայի և Բրյուսելի  Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հռչակագրերում»,- նշեց Կ. Նազարյանը և ընդգծեց, որ համաձայնագրում մասնավորապես նշված է, որ 2020 թվականին ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի վիզայի ազատ ռեժիմ, ինչը հնարավորություն կտա ավելացնելու միջմարդկային շփումները։

ԱԳ փոխնախարարի պաշտոնակատարը նաև հավելեց, որ վիզաների ազատականացման գործընթացը բավականին պահանջված է և մեծապես կապված է բարեփոխումների գործընթացի հետ, մասնավորապես՝ արդարադատության, մարդու իրավունքների հետ, և ՀՀ կառավարությունը իրականացնում է այդ աշխատանքները.

«Հուսով ենք, շուտով Հայաստան կժամանի գնահատման առաքելություն, որի արդյունքում Հայաստանին կտրվի գործողության ծրագիր, այդ գործողության կիրարկումն է, որ 2020 թվականին մեզ կբերի վիզայի ազատ ռեժիմի ԵՄ երկրների հետ»,- եզրափակեց Կարեն Նազարյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս