«Չեմ կարող ես արդեն պատասխան տալ մեկ ուրիշի համար». Ֆելիքս Ցոլակյանը՝ ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի հայտարարության
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հաստատում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ 1999-2007թթ. վերահսկողության ծառայության պետի, ապա՝ 4 տարուց քիչ ավելի հարկային ծառայության ղեկավարի պաշտոններում աշխատելիս ներգրավված չի եղել կոռուպցիայում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ցոլակյանը նշեց, որ իր ցանկացած աշխատանքի վայրում նման բաներում չի եղել:
168.am-ի հարցին՝ դա վկայո՞ւմ է, որ այն ժամանակ կոռուպցիա չի եղել, Ցոլակյանը պատասխանեց. «Չեմ կարող ես արդեն պատասխան տալ մեկ ուրիշի համար»:
Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանը հայտարարել էր. «Ի դեպ, իմ պաշտոնավարման շրջանի վերաբերյալ կոռուպցիայի մակարդակի մասին այսօրվա իշխանությունների պատկերացումներն ավելի քան հեռու են իրականությունից: Իրենց թվում է, թե մեր երկրում կառավարման մարմինները միայն կոռուպցիայով էին զբաղված, ոչ մի բան չէին անում: Բայց նայեք:
Կոնկրետ Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել, և ենթադրվում է, որ ստացել է, որովհետև նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչև 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ՝ մի քանի տարի, և 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար:
Կոռուպցիոն գայթակղությունների տեսանկյունից ամենից ռիսկային պաշտոններում է աշխատել: Եվ պետք է ասեմ, որ նա լավ է աշխատել, ես գոհ եմ եղել։ Եվ հիմա թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին՝ այդ տարիներին, ամենից գայթակղիչ պաշտոնները զբաղեցնելով՝ այդ մարդը որևէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Չե՛ն եղել նման հարաբերություններ»: