«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը որևէ կերպ կարգավորված չէ». Կարեն Նազարյան
ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ նիստին, որտեղ քննարկվելու է նաև գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, նշեց, որ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը որևէ կերպ կարգավորված չէ, և հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք ընթանում են այժմ։
«Չէի ցանկանա կանխատեսել նոյեմբերի 8-ին կայանալիք քննարկումները, ինչպես տեղյակ եք՝ դրանք փակ են, սպասենք և կտեսնենք արդյունքները»,- նշեց նա։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք իրատեսական է, որ գոնե առաջիկա 10 տարիների ընթացքում հնարավոր կլինի հայ-իրանական երկաթգծի կառուցումը, Կարեն Նազարյանն ընդգծեց, որ դժվարանում է կանխատեսել, թե երկաթուղին երբ կկառուցվի, սակայն հարցը շարունակում է մնալ հայ-իրանական հարաբերությունների օրակարգում։
«Այս հարցն ավելի շատ գտնվում է մասնագետների դաշտում, քանի որ խոսքը բարդ ու համապարփակ հաշվարկների, ծրագրի կենսունակության մասին է։ Այստեղ մենք պետք է ապավինենք մեր մասնագետների փորձառությանը և տեսակետներին»,- ասաց արտաքին գործերի փոխնախարարը։
Զվարթ Խաչատրյան