Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց…

Թերևս ներքաղաքական կյանքում իշխանությունների վարած սիրողական, իսկ հաճախ`  բացահայտ կոպիտ սխալները հետագայում, հեղափոխական էյֆորիայից ձերբազատվելու դեպքում, կարող են և ուղղվել: Բայց արտաքին քաղաքական հարթակում որևէ սխալ կարող է որոշիչ, նույնիսկ` ճակատագրական լինել պետության համար: Այս առումով, կարծում եմ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր բավականին անպաշտպան վիճակում դեգերում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոթորկվող ալիքների վրա: «Մեր արտաքին քաղաքականությունը հայամետ է»` իշխանությունների այս հայեցակարգ- եզրույթը, ըստ էության, ընդամենը հասարակության ազգային-պետական արժանապատվության բաց էմոցիան գողացող լոզունգ է:

Կարելի է ասել` վարվող քաղաքականությունը  ոչ մի ՄԵՏ  է, ավելին, վերջին զարգացումների խորապատկերին` նույնիսկ հայավնաս: Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո զգացվեց, որ Ն.Փաշինյանը վախեցած է: Եվ այդ վախը շտապեց փոխանցել նաև հասարակությանը`  ազդարարելով, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո կարող է փակվել: Այդ հանդիպմանը, ինչպես Ն.Փաշինյանը կասեր` ծուռ վզով կամ վախեցած չներկայանալու դեպքում, Բոլթանի ակնկալիքներին ի պատասխան կարելի էր ընդամենը հայտարարել, որ մենք` ինքներս, Մինսկի խմբի ձևաչափով և համախոհությամբ կորոշենք, թե երբ և ինչպես անդրադառնալ արցախյան հիմնահարցին, իսկ ԱՄՆ նախագահի խորհրդականի ակնարկը` Իրանի հետ սահմանը փակելու մասին, ինչն այսօր մեզ համար կենսական տարածք է, նշանակում է հաշվի չառնել շրջափակման մեջ հայտնված Հայաստանի վիճակը և այդ քայլով գրեթե ամբողջությամբ բլոկադայի ենթարկել Հայաստանը:

Դա, թերևս,  կլիներ այբբենական ճշմարտություններ բարձրաձայնող ինքնիշխան պետության ղեկավարի արժանապատիվ և դիվինագիտորեն անխոցելի  պատասխանը: Որքան էլ հետագայում նախարար Զ.Մնացականյան փորձեց զգուշորեն խմբագրել Ն.Փաշինյանին, բայց, ինչպես ասում են, ավետաբեր թռչունը արդեն թռել էր. տրամադրությունը` շոշափված էր, հանձնարարականը` տրված:

Շատ ավելի անորոշ և մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը և միջպետական հարաբերությունների ընդհանուր վիճակը մեր ռազմավարական դաշնակցի` ՌԴ-ի հետ: Ակնհայտ է, որ ոչ միայն Կրեմլը, նաև ռուսական քաղաքական միտքն անթաքույց անվստահություն են հայտնում Ն.Փաշինյանի վարած քաղաքականությանը: ԵՎ դա հասկանալի է. բացահայտ հակառուս, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՄՄ-ի և, ընդհանրապես, հայ-ռուսական ցանկացած հարաբերություն Հայաստանի զարգացմանը խոչընդոտող որակող երեկավա ընդդիմադիրն իշխանության գալով միանգամից, հաշված օրերի ընթացքում արմատապես փոխում է իր մոտեցումները` առիթը բաց  չթողնելով իր անվերապահ հիացմունքն արտահայտել այդ կառույցների ու հայ-ռուսական  հարաբերությունների աննախադեպ ջերմության մասին: Նույնիսկ Դուշանբեում վերջերս տեղի ունեցած ԵԱՏՄ-ի  գագաթնաժողովից հետո, իր իսկ ձևակերպմամբ` շոկ է ապրել փակ նիստերում «բռնապետերի»` այդ կառույցում քննարկվող  ժողովրդավարական և առողջ դիսկուրսից: Հավատալ երեկվա ընդդիմադիրի նման արմատական կերպարանափոխությա՞նը, թե՞…

Վերջերս մեր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում  ռուսական իշխանամետ քաղվերլուծաբաններից մեկն ուղղակի անհամազիչ ու անվստահելի է որակել Ն.Փաշինյանի քաղաքական կեցվածքը ՌԴ-ի նկատմամբ: Մտահոգիչ համարելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը` ծիծաղելի է համարել Ն.Փաշինյանի կողմից Վ.Պուտինի  հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո անձամբ Ռուսաստանի նախագահի հասցեին բացառիկ ջերմ և  ընկերական հարաբերությունների մասին շարունակաբար ձոնվող դիֆերամբները:

Իսկ այս ընթացքում Ադրբեջանը ՌԴ-ի հետ հարաբերություններում բավականին լուրջ և փաստաթղթավորված հաջողություններ է գրանցել: Վերջին ավելի քան երկու տասնամյակների ընթացքում ռուս-ադրբեջանական հարաբերությունները երբեք այնքան ջերմ, փոխշահավետ ու ռազմավարական գործընկերության տիրույթում չեն եղել, ինչպիսին այսօր է: Վերջերս նրանց միջև ստորագրած 15 միջպետական պայմանագրերը, իսկ, որ ՌԴ-ի համար առավել կարևոր է` Կասպից ծովի կարգավիճակի մասին համաձայնագիրն այդ հարաբերությունների բարձր մակարդակի փաստական վկայությունն են: Ի դեպ, այդ համաձայնագրի ստորագրմանը շուրջ 25 տարի շարունակ ընդդիմանում էր հատկապես Ադրբեջանը. ռուսական կողմի պահանջն իմպերատիվ էր` բացառել Կասպից ծովում երրորդ պետության ռազմական ներկայությունը, ինչը, ակնհայտորեն, հատկապես Ադրբեջանի դաշնակիցների սրտով չէր:

Ի վերջո` համաձայնությունը կայացվեց… Ի՞նչ փոխվեց այս ընթացքում կամ, ավելի ստույգ` ի՞նչ գին պետք է վճարի ռուսական կողմը Ադրբեջանին, որտե՞ղ այն պետք է փնտրել… Չմոռանանք նաև, որ ՌԴ-ն, Ղազախստանի և Բելառուսի հետ միասին աշխատում են, որպիսի օր առաջ Ադրբեջանը որևէ կարգավիճակով մաս կազմի ՀԱՊԿ-ին: Իսկ առայժմ մենք, մեր իսկ դուխով կեցվածքի շնորհիվ, ստվերելով այդ կարևորագույն կառույցի հեղինակությունը, խնդրահարույց դարձրինք ՀԱՊԿ-ի գործող կանոնադրությամբ այդ կառույցը ղեկավարելու մեր պետության իրավունքը:

Վերջապես, պետք է վերջ տալ միջազգային ամբիոններում Ն.Մանդելային ցիտելով և Վ.Պուտինին անպատասխան հաճոյախոսելով, դեգերել արտաքին քաղաքական հարթակներում` առանց ժամանակի մարտահրավերներին դիմակայող հստակ մշակված հայեցակարգի: Եվ դա այն դեպքում, երբ ակնհայտ տեսանելի են Հայաստանին նետված մարտահրավերներն ու դրանց վտանգավորության սահմանը: Այսօր արդե´ն ուշացել ենք: Եվ եթե իշխանության փաստացի միակ կրողը` Ն.Փաշինյանը, շարունակի դիրիժորել բանական խոսքն ու միտքը մերժող հրապարակի հո´ւ-հո´ւ-հո´ւ գը´մփ-ը, շարունակի սևեռված օգտագործել նախկինների նկատմամբ եղած ատելության ռեսուրսը` սեփական իշխանությունը առավել ամրապնդելու նպատակով, վաղը կարող է շատ ավելի ուշ լինել…

Եվ այնժամ, արդեն նախադեպով` ինչ-որ մեկը կարող է ճիշտ լինել, Նիկոլը` սխալ…

Ռուբեն Հակոբյան
քաղաքագետ

Տեսանյութեր

Լրահոս