Ավելի քան 31 մլն ամերիկացիներ են վաղաժամկետ քվեարկել միջանկյալ ընտրություններում. CNN
Ավելի քան 31 մլն ամերիկացիներ են վաղաժամկետ քվեարկել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը, այդ կապակցությամբ նշելով, որ 2014 թվականի միջանկյալ ընտրություններում ընտրողների ակտիվությունը զգալիորեն ցածր էր. այն ժամանակ վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել էր մոտավորապես 19 մլն մարդ:
Վաղաժամկետ քվեարկությունը, Նահանգների օրենսդրական ժողովների ազգային խորհրդաժողովի տվյալներով, գոյություն ունի ԱՄՆ-ի 50 նահանգներից 37-ում: Մասնավորապես, Կոլորադոյի, Օրեգոնի եւ Վաշինգտոնի նահանգներում բոլոր ընտրողները պարտավոր են իրենց քվեաթերթիկներն ուղարկել փոստով: Կալիֆոռնիայի նահանգում նման հնարավորություն նույնպես նախատեսված է մի քանի օկրուգներում, եւ քվեաթերթիկները վավերական կհամարվեն, եթե դրանք ուղարկվել են նախքան նահանգում ընտրությունների ավարտվելը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին կանցկացվեն միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքում վերընտրվելու են 100 սենատորներից 35-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների ու տարածքների 39 նահանգապետներ, ինչպես նաեւ նահանգների օրենսդրական ժողովների 6073 անդամներ, դատավորներ ու դպրոցական օկրուգների խորհուրդների անդամներ:
Առաջինը՝ ժամը 05:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին) ընտրատեղամասերը կբացվեն Վերմոնիտի նահանգում, Նյու Յորքում քվեարկությունը կսկսվի մեկ ժամ ավելի ուշ, իսկ այն կավարտվի Հավայիի նահանգում տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 7-ին ժամը 08:00-ին) ընտրական տեղամասերի փակումով:
Քվեարկության առաջին նախնական արդյունքները ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան նահանգներում սպասվում են Երեւանի ժամանկով նոյեմբերի 7-ին ժամը 03:00-ին: Ընտրությունները միջանկյալ են անվանում, քանի որ դրանք տեղի կունենան վերջին նախագահական ընտրություններից երկու տարի անց եւ 2020 թվականին կայանալիք հաջորդ ընտրություններից երկու տարի առաջ եւ փաստորեն հանրաքվե կդառնան նախագահ Դոնալդ Թրամփի հանրապետական վարչակազմի քաղաքականության շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: