«Կոշտ միջոցները կարող են սթափեցնել վարորդներին». Գևորգ Գյոզալյանը՝ բալային համակարգի մասին

Ոստիկանության կողմից շրջանառության մեջ է դրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Նախագծով վարորդների համար սահմանվել է բալային համակարգ՝ 9 միավորը սպառելուց հետո վարելու իրավունքը ժամանակավորապես կասեցվում է։ Բալավորվել է խախտման 16 տեսակ:

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը 168.am-ի հետ զրույցում դրական գնահատեց բալային համակարգի ներդրումը. «Իրավակիրառ պրակտիկայում խախտում կատարած անձը տուգանք է վճարում և շարունակում խախտումներ կատարել, և կարծում եմ՝ կոշտ միջոցները կարող են սթափեցնել։ Փորձը ցույց տվեց, որ գումարային կոշտ միջոցները որևէ լավ բանի չբերեցին, իսկ այս դեպքում բալային համակարգը ողջունելի է»։

Փաստաբանը նկատեց՝ 9 բալ սահմանելն այդքան էլ խիստ չէ. «Նորմալ վարող վարորդը չի հասնի 9 բալի, հակառակ պարագան էլ ունենք, որ կարող է այնպես լինել, որ, եթե վարորդն ունի 9 բալ, կարող է տարեվերջին խախտում անել՝ մտածելով, որ արդեն նոյեմբեր ամիսն է, եթե 4 բալ էլ հանեն, ոչինչ։ Դրա համար սա պետք է համաչափ լինի տուգանքներին, որ, եթե բալային առումով վարորդը կաշկանդված չլինի, ապա գումարի առումով լինի կաշկանդված»։

Օրենքի նախագծում նշվում է, որ վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր: «Տուգանային միավորի չափը սահմանվում է՝ ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից»,- գրված է նախագծում։

Օրենքի նախագծով՝ խաչմերուկի անցման կանոնները խախտելու դեպքում վարորդը կտուգանվի 5 հազար դրամ և 2 միավոր: Պետհամարանիշն այլ վարորդի տրամադրելու դեպքում՝ 100 հազար դրամի փոխարեն՝ կտուգանվի 20 հազար դրամ և կկորցնի 3 միավոր։ Արագությունը 11-30 կմժ-ով գերազանցելու դեպքում վարորդը կզրկվի 2 միավորից, և կտուգանվի 20.000 դրամ, իսկ 31-50 կմժ-ի դեպքում՝ 3 միավոր + 25.000 դրամ։

Թույլատրելի արագությունը 81 կմժ-ով գերազանցած վարորդները վարորդական իրավունքից կզրկվեն՝ 6 ամսով։ Ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու տուգանքը 150.000 դրամ է, նոր համակարգով նախատեսվում է շեմն իջեցնել՝ 29 000 դրամ և զրկել 4 միավորից: Արյան մեջ թմրամիջոց հայտնաբերելու դեպքում, այժմ վկայականից զրկում մեկ տարով, նոր համակարգն առաջարկում է՝ 2: Կարմիր լույսի պահանջին չենթարկվելու կամ ՃՈ տեսուչի «կանգնել» հրահանգը չկատարելու դեպքում վարորդը 20 հազար դրամ տուգանքի փոխարեն՝ կտուգանվի 25 հազար դրամի չափով և կկորցնի 2 միավոր։ Վարորդը խաչմերուկի կանոնները խախտելու դեպքում կկորցնի 2 միավոր, հետիոտնային անցման կանոնը խախտելու դեպքում՝ 1 միավոր։

 

Տեսանյութեր

Լրահոս