Լիլիթ Մակունցը առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցրել է նոր անդամների ընդունումը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
Ըստ նրա՝ անդամագրումների գործընթացի դադարեցումը պայմանավորված է մեծ ծավալի աշխատանքների առկայությամբ:
Անձամբ Լ.Մակունցը, որ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո է անդամագրվել ՔՊ-ին, առաջիկա ընտրություններում պատգամավորի թեկնածու կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով՝ Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում, սակայն դեռ չգիտի՝ ինքը կշարունակի գործել գործադիրում, թե կանցնի օրենսդիր մարմին:
«Թե ինչ կլինի ընտրություններից հետո, մենք որոշում կկայացնենք ինչպես ենք վարվելու: Մի բան է հստակ, որ մենք շեշտադրում ենք անում ունենալ և լավ կառավարություն, և լավ Ազգային ժողով»,- ասաց նա: