Վաղարշակ Հարությունյանը՝ Խաչատուրովի փոխարեն

Դեռևս ամիսներ առաջ 168.am-ը գրել էր, որ ՀՀ գործող  իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ,  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարեն ցանկություն էին հայտնել առաջադրել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար (1999-2000թթ.) Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը։ Սակայն նույն աղբյուրների հավաստմամբ, Վաղարշակ Հարությունյանը մերժել էր՝ ասելով, որ  իրենով չպետք է փորձեն լուծել Խաչատուրովի հարցը։

Նույն աղբյուրների հավաստմամբ՝ նոյեմբերի 2-ին, երբ Յուրի Խաչատուրովն ազատվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից, Վ. Հարությունյանի թեկնածության հարցն իշխանությունների կողմից կրկին առաջ մղվեց։

Իշխանությունները փորձում են Վ. Հարությունյանի թեկնածությամբ հայ-ռուսական հարաբերություններում Խաչատուրովի և ՀԱՊԿ-ի շուրջ իրենց թույլ տված կոպիտ «սայթաքումները» շտկել։ Առավել ևս, որ ռուսական կողմը խիստ դժգոհություններ է ներկայացրել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար  Արմեն Գրիգորյանի գործունեության հետ կապված։ Նույն աղբյուրների հավաստմամբ՝ առաջիկա օրերին Վ. Հարությունյանը Մոսկվա կայցելի։

Հիշեցնենք, որ Վ. Հարությունյանը 1992-94 թվականներին ԱՊՀ միավորված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալն էր, իսկ 1994-99 թվականներին՝ ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական համագործակցության համադրման շտաբի պետի տեղակալը և ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը:

Վ. Հարությունյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով, որ ինքը երբևէ կադրային հարցեր չի մեկնաբանում։

Ի դեպ, Վ. Հարությունյանը գործուն մասնակցություն է ունեցել նաև ԱՊՀ «Համատեղ անվտանգության պայմանագրի» համակարգի ձևավորման, հայ-ռուսական ռազմատեխնիկական ու ռազմաքաղաքական հարաբերությունների հաստատման, ՀՀ հակաօդային պաշտպանության համակարգի հզորացման, ՌԴ-ում ՀՀ ԶՈՒ սպայական կադրերի պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության 1994 թվականին կնքված զինադադարի պայմանագրի կազմման, ստորագրման ընթացակարգի աշխատանքներում: Հարությունյանը մասնակցել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին:

Տեսանյութեր

Լրահոս