Հայ-վրացական սահմանում արգելափակված մեքենաների թիվը հասել է 200-ի
«Հայ-վրացական սահմանում մեքենաները շարունակում են արգելափակված մնալ, միայն թե մեկ տարբերությամբ՝ 150-ից դարձել են 200: Ամեն օր մեքենաների թիվն ավելանում է, քանի որ տարանցիկ համարների ժամկետը լրանում է: Մարդն ուզի թե չուզի՝ մեքենան պետք է դուրս բերի Վրաստանից, հասցնի հայկական սահման, հակառակ դեպքում ստիպված է լինելու ամեն օրվա համար 10.000 դրամ տուգանք վճարել»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը:
Նրա փոխանցմամբ՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանի հետ հոկտեմբերի 30-ի հանդիպման ժամանակ նախաձեռնության անդամները նշել են, որ կա սահմանում կուտակված մեքենաների խնդիր, վերջացել են տարանցիկ համարները, և առաջարկել են անհրաժեշտ իրավական բազա ստեղծել, որպեսզի այդ մեքենաները կարողանան մուտք գործել Հայաստան:
«Իհարկե, չենք ցանկանում, որ օրենքի խախտում լինի, բայց իրավական կարգավորումներ է անհրաժեշտ գտնել, որոնցով հնարավոր կլինի մարդկանց օգնել, որպեսզի կարողանան մեքենաները բերել»,- նշեց նա:
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով խնդրահարույց աջ ղեկերի ներմուծման թեմային՝ տեղեկացրել է, որ համապատասխան գերատեսչությունների հետ լրացուցիչ քննարկման անհրաժեշտությունից ելնելով՝ վերջնարդյունքի մասին հայտարարությամբ հանդես կգան առաջիկա օրերին:
Իսկ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ տվյալ պահին երկու տարբերակ է դիտարկվում։ Առաջինը` մեքենաները Հայաստան են ներմուծում ղեկի տեղը փոխելուց հետո, երկրորդ` թույլ է տրվում Հայաստան բերել արդեն ձեռք բերված աջ ղեկով մեքենաները, ՀՀ-ում փոխել ղեկը և հետո միայն շահագործել։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում աջ ղեկով մեքենաների ներմուծմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ բողոքում են՝ պնդելով, որ այս տարվա ապրիլի 1-ից այդ մեքենաների ներկրումն արգելող օրենքի նախագծի քննարկումների փուլում իրենց ասվել է, որ արգելքը ժամանակավոր է՝ մինչև հոկտեմբերի 1-ը:
Այդ մասին իմանալով, իրենք փորձել են մեքենաներ ներկրել և ներմուծել հոկտեմբերից, սակայն պարզվել է, որ ընդունված օրենքում արգելքը ոչ թե ժամանակավոր բնույթ է կրում, այլ՝ մշտական:
Անի Կարապետյան