Բաժիններ՝

Ազգային ժողովի հաջորդ տարվա բյուջետային միջոցները ավելանալու են 399 մլն դրամով

ՀՀ ազգային ժողովի բյուջետային միջոցները 2019-ին նախատեսվում է ավելացնել  399 մլն դրամով. ԱԺ բյուջեն հաջորդ տարի կկազմի 5 մլրդ 254 մլն դրամ:

ԱԺ-ում 2019թ-ի պետական բյուջեի քննարկմանն  այս մասին ասաց ԱԺ-ի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

«ԱԺ- ի ծրագիրը միտված է ներկայացուցչական, օրենսդրական, վերահսկողական գործառույթների պատշաճ իրականացմանը: Ծրագրում ընդգրկված է 4 միջոցառում: Դրանց համար ընդհանուր գումարը 5 մլրդ 254 մլն դրամ է: Դա նախորդ տարվա մեր բյուջեի միջոցներից ավել է 399 մլն դրամով: Ավելացումը պայմանավորված է ֆինանսների նախարարի կողմից նշված  նյութական միջոցների ավելացմամբ, որոնք նախատեսված են պարգևավճարների համար»,-ներկայացրեց Սաղաթելյանը:

ԱԺ միջոցառումներից նա նշեց գործունեության ապահովումը, օրենսդրական, վերլուծական, ներկայացուցչական ծառայությունների ձեռքբերումը, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում մասնակցությունը, ԱԺ-ի աշխատակազմի վերապատրաստումը և տեխնիկական հագեցվածության բարելավումը:

Սաղաթելյանը նշեց նաև, որ ունեն երկու շատ կարևոր խնդիր, որոնք վտանգի տակ են դնում ԱԺ-ի գործունեությունը որպես տնտեսվարող սուբյեկտի: Դրանք կապված են շենքերի, շինությունների կապիտալ և ընթացիկ վերանորոգման հետ: «Մենք դիմել ենք կառավարությանը հատկացնել համապատասխան գումարներ՝ 109 մլն և 205 մլն դրամ: Երկու դեպքում էլ չենք ստացել գումար: Դա նշանակում է, որ մեր շենքը և օժանդակ տարածքները կարող են վտանգվել: Այդ պատճառով մենք կրկին դիմել ենք կառավարությանը»,-ասաց Սաղաթելյանն ու հարցի վրա  հրավիրեց ԱԺ պատգամավորների ուշադրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս