Կայացել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր համագումարը
Հաստատել Հայաստանում ուղիղ ժողովրդավարություն և ապահովել լիարժեք ներկայացվածություն պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում. այսպիսի նպատակ է իր առջև դրել «Քաղաքացու որոշում» նորաստեղծ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը կայացավ նոյեմբերի 3-ին:
Կուսակցության համահիմնադիր Գոռ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2002 թվականից սկսած իրենց քաղաքական թիմը երկար ժամանակ տարբեր ձևերով պայքարել է Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար:
«Իշխանափոխությունից հետո մեր թիմը որոշում է կայացրել, որ պետք է անկախ և ինքնուրույն քաղաքական կուսակցություն ստեղծել ու կառուցել այն երկիրը, որ մենք ուզում ենք տեսնել: Համագումարից հետո կդիմենք պատկան մարմիններին պետական գրանցում ստանալու համար, որից հետո մանրամասն, ըստ ոլորտների կներկայացնենք մեր ծրագիրը », – ասաց Հակոբյանը:
Հարցին, թե արդյոք պատրաստվում են մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Հակոբյանը պատասխանեց, որ եթե ժամկետների մեջ տեղավորվեն, ապա կմասնակցեն, սակայն եթե նույնիսկ չմասնակցեն ընտրություններին, կշարունակեն կյանքի կոչել իրենց հեռահար նպատակները:
Համագումարի ընթացքում հաստատվեց կուսակցության կանոնադրությունը և ծրագրային հիմնադրույթները, ընտրվեցին ղեկավար մարմինները , ինչպես նաև գործադիր և վերահսկիչ հանձնաժողովի անդամները:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախաձեռնող խումբը նպատակ է դրել ժողովրդավարական այլ գործիքների ամրապնդման եղանակով մասնակցել պետության հանրային քաղաքականության ձևավորմանը, մշակմանը և իրականացմանը: