Ուգանդայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել ընդունելությանը հունական աստվածների հագուստ կրելու համար
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Ուգանդայում երկրի դեսպան Սեդեֆ Յավուզալփին հետ կանչելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Արտգործնախարարը հայտնել է, որ սկսվել է հետաքննություն հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում կազմակերպված ընդունելության առնչությամբ: Բանն այն է, որ ընդունելությանը Թուրքիայի դեսպան Յավուզալփը և դեսպանության քարտուղարը կրել են հունական առասպելական աստվածների հագուստ: Այս փաստը մեծ զարմանք էր առաջացրել ներկաների շրջանում, իսկ ավելի ուշ, երբ լուսանկարները հայտնվել էին համացանցում, արդեն օգտատերերն էին իրենց տարակուսանքը հայտնել փաստի առնչությամբ:
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ սկսված հետաքննության շրջանակում դեսպանը կանչվել է Անկարա: