Բաժիններ՝

«Մինչև հիմնական լուծում գտնելը մարդիկ չպետք է անգործ մնան». Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները՝ Փաշինյանին

«Ոչ ոքի չի՞ հետաքրքրում, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ծավալները տասնյակ տարիներ շարունակ մի քանի անգամ գերազանցում են սահմանված չափը։ Բա քաղցկեղով հիվանդացության վիճակագրությո՞ւնը, առողջապահական վիճա՞կը, այսքան տարիների արտանետումնե՞րը։ Եղբայր, այո, արտադրությունը մեզ համար կարևոր է, բայց չի կարելի մարդկանց թունավորելու գնով ինչ-որ խնդիր լուծել, տասնյակ-հազարավոր մարդկանց թունավորելու գնով 600 հոգու աշխատատեղի հարց լուծել։ Եկեք համագործակցենք և այդ խնդիրները լուծենք»,- նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում դիմելով պատգամավորներին՝ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Գարեգին Անթաշյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի այդ ելույթին՝ ասաց.

«Մենք, միանշանակ, դեմ ենք արտանետումներին։ Խնդիրը պետք է լուծվի։ Բայց մինչև հիմնական լուծում գտնելը մարդիկ չպետք է անգործ մնան։ Այս պահին, որպես մեղմացուցիչ քայլ՝ կարելի է փոխարինել մշակվող խտանյութը, ինչի արդյունքում կնվազի SO2 գազի արտանետումների քանակությունը 7000-8000 տոննայով՝ տարեկան կտրվածքով»։

Մետալուրգիական արտադրամասի աշխատողներից Արմեն Կիրակոսյանն էլ չցանկացավ մեկնաբանել Փաշինյանի խոսքերը, հայտնելով, որ նոյեմբերի 2-ին պղնձաձուլական գործարանի աշխատակիցների հետ հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ու վարչապետի օգնական Արեն Մկրտչյանն ու դրական տեղաշարժերի մասին խոսել:

«Ասացին, որ ամեն ինչ անում են, որպեսզի գործարանն աշխատի, ու լիահույս են, որ բանկի ու սեփականատիրոջ միջև կառավարության աջակցությամբ ձեռք կբերվեն ինչ-որ լուծումներ, և կաշխատենք այնքան ժամանակ. իհարկե ժամանակավոր, մինչև չինական կողմի հետ նոր պղնձաձուլական գործարանի կառուցումը»,- նշեց նա:

Նկատենք, որ նոյեմբերի 2-ին ArmProd EXPO 2018 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասել է.

«Ալավերդու պղնձաձուլարանը վաղ թե ուշ կամ պետք է արդիականացվի կամ փակվի: Մենք փորձում ենք հնարավորինս արագ խնդիրը բերել տրամաբանական հանգուցալուծման, և այս պահի դրությամբ դրական առումով բանակցություններն առաջ են գնում, և ես կարծում եմ, որ մոտակա ժամանակներս մենք այդ հանգուցալուծմանը կհասնենք: Այս փուլում դեռևս քննարկվում են Ալավերդու պղնձաձուլարանի շահագործման շարունակման, ինչպես նաև արդիականացման և բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցեր»:

Նա ընդգծել է նաև, որ խնդիրն ավելի շատ «Թեղուտ» ՓԲԸ-ի և ՎՏԲ բանկի միջև գոյություն ունեցող դատական գործի հետ է կապված, այլ ոչ՝ կառավարության:

Հարցին, թե ի՞նչ փուլում են չինական ընկերության՝ նոր պղնձաձուլարան կառուցելու հետ կապված բանակցությունները, փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանել է. որ այս փուլում ակտիվ աշխատանք է տարվում չինացի գործընկերների հետ: «Նոյեմբերին տեղի է ունենալու Չինաստանի հետ միջկառավարական հանձնաժողովի նիստը, և այնտեղ, կարծում եմ, որոշակի զարգացումներ տեղի կունենան»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ընկերությունը պաշտոնապես կասեցրել է իր գործունեությունը։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս