«Մեր կառավարությունը միտված է բոլոր գործընթացներն օպտիմալացնելուն». Էդուարդ Աղաջանյան
ՀՀ կառավարությունն աշխատում է պետական համակարգին ծառայող ավտոպարկի կրճատման ուղղությամբ: 2019թ. պետական բյուջեի քննարկումներից հետո ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Առհասարակ մեր կառավարությունը միտված է բոլոր գործընթացներն օպտիմալացնելուն՝ սկսած ընթացիկներից վերջացրած ավելի գլոբալ հարցերով: Այս պահին աշխատում ենք ավտոպարկի կրճատման ուղղությամբ: Շուտով կառավարությունը հանդես կգա առաջարկությամբ, ըստ դրա պետական համակարգին ծառայող ավտոպարկը զգալիորեն կկրճատվի»,-ասաց Աղաջանյանը:
Նրա վստահեցմամբ՝ նման կրճատումը, սակայն, չի նշանակում, որ իրենք չեն մտածում աշխատող մարդկանց, մասնավորապես՝ վարորդների մասին: Աշխատանքային խումբն աշխատում է հնարավորիս քիչ վնաս տալով վարորդերին, այդ հարցին լուծում տալ:
Աղաջանյանը նշեց նաև, որ, եթե կառավարությունը գնա կտրուկ քայլերի և միաժամանակ բոլոր ոլորտներում կրճատում անի, սոցիալական հետևանքներ կլինեն: «Հաշվարկներ այս պահին դեռ չկան, սակայն նոր կառավարության գործելաոճը միտված է լինելու պետական համակարգն օպտիմալացնելուն»,-ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը: