Ավազակային հարձակում Արմավիրի մարզում
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
2018թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 04:10-ի սահմաններում, երկու դիմակավորված անհայտ անձ՝ նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, զենքի գործադրմամբ հարձակվել են Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 25/1 հասցեում գործող վարկային կազմակերպության Արմավիրի մասնաճյուղի աշխատակիցների վրա՝ նրանց կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով:
02.11.2018թ. դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի (ավազակություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և նույն օրը ընդունվել վարույթ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչություն:
Նախաքննության ընթացքում վարկային կազմակերպությունը և երկու աշխատակիցները ճանաչվել են տուժող:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատահետքաբանական, դատագենետիկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: