«Մենք Իրանի իշխանություններին կոչ ենք անում հրաժարվելու միջուկային հավակնություններից». Թրամփ
Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կրկին կգործեն այնքան ժամանակ, մինչեւ Վաշնգտնին բավարարող նոր գործարք չկնքվի, հայտարարել է Դոնալդ Թրամփը։
«Մենք Իրանի վարչակարգին (Իրանի իշխանություններին – խմբ.) կոչ ենք անում հրաժարվելու միջուկային հավակնություններից, փոխելու իրենց խափանարարական պահվածքը, հարգելու սեփական ժողովրդի իրավունքները եւ բարեխղճորեն վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջը: Մենք ձգտում ենք հասնելու մեր դաշնակիցների եւ գործընկերների համագործակցությանն այս ջանքերի ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը նախկինի պես պատրաստ է նոր, ավելի համապարփակ գործարքի հասնելու Իրանի հետ, «որն ընդմիշտ կարգելափակի դեպի միուկային զենք տանող՝ նրա ուղին, կվերաբերի նրա չարամիտ գործողությունների ամբողջ սպեկտրին եւ արժանի կլինի իրանցի ժողովրդին»: Թրամփը կրկին «աղետալի» է համարել Իրանի հետ «վեցյակի» 2015 թվականի միջուկային գործարքը, որից ԱՄՆ-ը դուրս եկավ այս տարի:
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 5-ից ԱՄՆ-ն ավարտում է բոլոր պատժամիջոցների կրկնական սահմանման գործընթացը, որոնք Իրանի դեմ գործել են մինչեւ համաձայնագրի կնքումը: Մասնավորապես, նոյեմբերի 5-ին պատժամիջոցների նոր փուլը կվերաբերի Իրանում բանկային հատվածին, էներգետիկային, նավագնացությանը եւ նավաշինությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: