Ակտիվ բանակցություններ իշխանության հետ. ովքեր են ուզում խցկվել ՔՊ ցուցակ. Փաշինյանը բարդ կացության մեջ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական ուժերն ինտենսիվորեն պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ցուցակներ են կազմում, բանակցություններ են վարում անհատների և այլ կուսակցությունների հետ, ուսումնասիրություններ են անցկացնում՝ հասկանալու ընտրողների իրական տրամադրությունները:

Մեր տեղեկություններով, բավական բարդ կացության մեջ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մի կողմից, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, ՔՊԿ–ի ցուցակ մտնելու համար լուրջ հերթեր են, ոմանք ջանքեր են գործադրում վարչապետի մոտ իրենց լոբբինգն իրականացնելու, մյուս կողմից, սակայն, խնդիր է դրված այնպիսի անձանց ընդգրկել ցուցակի վերնամաս, որոնք իրենց խոսքերով ու պահվածքով առկա վարկանիշային կապիտալը կարճ ժամկետում չտապալեն:

Պակաս կարևոր չէ նաև վարկանիշային ընտրակարգի գործոնը, քանի որ ինչքան էլ Փաշինյանի «համապետական» հեղինակությունը մեծ է, դժվար է ունենալ 100-ից ավելի չվարկաբեկված թեկնածուների, որոնք Փաշինյանի անունից զատ նաև սեփական հեղինակությունն ունեն:

Մեր աղբյուրները պնդում են, որ խորհրդարանական ընտրությունների միջոցով որոշակի փոփոխություններ կարվեն նաև պաշտոնատար անձանց շրջանում, այսինքն՝ ոմանք կտեղափոխվեն ԱԺ: Ի մասնավորի, պատգամավորական մանդատ կստանան Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Մեր տեղեկություններով, քիչ չեն այնպիսիք, ովքեր համառորեն փորձում են տեղավորվել ՔՊ–ի ցուցակում՝ ըստ էության կապ չունենալով կուսակցության և հեղափոխական շարժման հետ: Օրինակ, մեր աղբյուրի պնդմամբ, առայժմ անպտուղ, բայց նման փորձեր անում է արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը: Ի տարբերություն նրա, կարծես թե հաջողությամբ են պսակվում ՀՀԿ խմբակցության նախկին ներկայացուցիչ Շիրակ Թորոսյանի ջանքերը: Մեկ այլ ջավախքցու՝ Տաճատ Վարդապետյանի ճակատագիրը դեռևս անհայտ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս