Facebook-ի ամսական լսարանը հասել է 2,27 մլրդ մարդու
Աշխարհում Facebook-ի օգտատերերի թիվը գերազանցել է 2,27 միլիարդը: Այդ մասին վկայում է ընկերության երրորդ եռամսյակի վերաբերյալ հոկտեմբերի 30-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվությունը, ընկերություն, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը:
Ինչպես հետեւում է փաստաթղթերից, 2017 թվականի երրորդ եռամսյակի համեմատությամբ նշված ցուցանիշն ավելացել է 10 տոկոսով: Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր սոցցանց են մտնում ամսական մեկ անգամից ոչ պակաս: Ընդ որում՝ սեպտեմբերին առնվազն 1,49 մլրդ մարդ օրական գոնե մեկ անգամ օգտվել է Facebook-ից: Այդ ցուցանիշը անցյալ տարվա հաշվետու շրջանի գնահատումների համեմատությամբ աճել է 9 տոկոսով:
Ընկերությունում նաեւ ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ, իր տվյալներով, աշխարհում ավելի քան 2,6 մլրդ մարդ ամսական գոնե մեկ անգամ օգտվում է իր ծառայություններից որեւէ մեկից: Այդ ցուցակում, Facebook-ից բացի, ներառված են Instagram սոցցանցը, ինչպես նաեւ հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման Messenger եւ WhatsApp հավելվածները: Facebook-ի տվյալներով, ավելի քան 2 միլիարդ է նրանց թիվը, ովքեր դա անում են օրական գոնե մեկ անգամ:
Ընկերությունը նաեւ հայտնել է, որ եռամսյա ժամանակաշրջանում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, իր զուտ շահույթը կազմել է 1,76 դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով կամ միագումար 5,14 մլրդ դոլար: Այն 2017 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշների համեմատությամբ աճել է 9 տոկոսով: Այն ժամանակ շահույթը կազմել էր 4,71 մլրդ դոլար: Վերջին հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով՝ ընդհանուր հասույթը գերազանցել է 13,73 մլրդ դոլարը, մեծ մասամբ դրանք գովազդից ստացված եկամուտներն են: 2017 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով՝ այդ ցուցանիշը հասել էր 10,33 մլրդ դոլարի: Այդպիսով՝ դրա աճը կազմել է 33 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: