«Համաներմամբ ազատության մեջ գտնվողները պետք է լինեն հանրության ուշադրության կենտրոնում, այլապես կունենանք կրկնահանցագործություն». Ալիկ Սարգսյան
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով համաներման մասին օրինագծին, հայտնեց, որ համաներումը լուրջ մարդասիրության և հանդուրժողականության տարրեր է պարունակում, ուստի անձամբ կողմ է քվեարկելու համաներման մասին օրինագծի ընդունմանը։
«Այնուամենայնիվ, մոռանում ենք շատ կարևոր բան, ամեն անգամ թվեր ենք հրապարակում կրկնահանցագործության վերաբերյալ, հաշվարկում ենք ոստիկանության և ԱԱԾ-ի ունեցած ռեսուրսները, թե արդյո՞ք համաներման արդյունքում այս մարդիկ հնարավորություն ունեն ազատ արձակվածների նկատմամբ հսկողություն սահմանել, հասարակությանն ինտեգրել, և այդ ամենն ի՞նչ կարգով ու ժամանակով պետք է լինի, և այլն։ Ճիշտ է, սա հարցի մի կողմն է, բայց կա մեկ կարևոր հարց՝ պետք է լուծենք համաներմամբ ազատ արձակված մարդկանց հետագա աշխատանքի հարցերը, նրանք պետք է լինեն հանրության ուշադրության կենտրոնում, այլապես դուք կունենաք կրկնահանցագործություն։ Այս մարդիկ էլ չեն ունենա աշխատանքի հնարավորություն, որպեսզի կարողանան պատճառված վնասները հատուցել, ինչ-որ կերպ ապահովել իրենց ընտանիքի բարեկեցությունը։ Կարծում եմ՝ համաներմամբ մենք նրանց բաց թողնելով հասարակության ուշադրությունից՝ նրանց ավելի շատ ենք վնասում»,- նշեց պատգամավորը։
Ալիկ Սարգսյանը նաև հիշեցրեց Խորհրդային Միության տարիների համաներումները և նկատեց, որ, երբ մարդկանց համաներմամբ ազատ էին արձակում, տեղամասային տեսուչները, ոստիկանության աշխատակիցները շրջում էին տարբեր հիմնարկներում և ստորագրություն էին վերցնում՝ հասկանալու համար՝ մարդկանց տեղավորելո՞ւ են աշխատանքի, թե՞ ոչ։
«Հիմա վերնագիրը դրել ենք շուկայական հարաբերություններ, բոլորին թողել ենք, ով ինչով ասես՝ զբաղվի, որի արդյունքում վաղը-մյուս օրը գնալու են կրկնակի հանցագործության, հետո կասեն՝ մեղավորն էլի իրենք են, մեղավորը հասարակությունն է։ Հույսներնդ մի դրեք ոստիկանության և համապատասխան ծառայությունների վրա, բոլորս նրանցով պետք է զբաղվենք»,- ընդգծեց Ա. Սարգսյանը։
Խոսելով ՊՊԾ գնդի գրավման ժամանակ երեք ոստիկանների սպանության մասին, Ալիկ Սարգսյանը շեշտեց, որ խորհրդարանում նստած բոլոր պատգամավորները տարիներ անց պատասխանատվություն են կրելու այդ ոստիկանների ընդատված կյանքի համար։
«Մինչ այս պահն ինձ երաշխավորել են, որ գործընթացը շարունակվում է, և կոնկրետ սպանություն կատարող անձինք պատժվելու են։ Եթե գործը սառչի և սպանություն կատարող անձինք մնան ազատության մեջ, ապա համարեք, որ ժողովուրդն իր վստահությունը կորցնելու է ամբողջ մի համակարգի նկատմամբ»,- եզրափակեց Ալիկ Սարգսյանը։
Զվարթ Խաչատրյան