Թուրքիայում 2017թ․ միլիարդատերերի թիվն ավելացել է 7-ով

2017թ․ աշխարհի միլիարդատերերի ցանկում Թուրքիայից 7 նոր անուն է տեղ գտել։ Առնվազն 1 մլրդ դոլար ունեցող 36 թուրք միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմել է 64․7 մլրդ։ Այս մասին հայտնի է դարձել Շվեյցարական բանկի և «PwC» միջազգային աուդիտորական ընկերության հրապարակած «Billionaire Insights 2018» զեկույցից։

Զեկույցում ընդգրկված 43 երկրներից 8-ում վերջին մեկ տարում միլիարդատերերի թիվը պակասել է, իսկ 8 երկրում այս առումով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Թուրքիան ամենաշատ միլիարդատերեր ունեցող երկրների ցանկում 14-րդն է։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ միլիարդատերերի թիվը կամզում է 585։ Երկրորդում Չինաստանն է (373), երրորդում՝ Գերմանիան (123), չորրորդ տեղում Հնդկաստանն է (119), իսկ հինգերորդում՝ Ռուսաստանը, որտեղ 2017թ․ դրությամբ 101 միլիարդատեր կա։

Նշենք, որ 2016թ․ Թուրքիայում 29 միլիարդատեր կար և այդ ցուցանիշով երկիրը վերոնշյալ ցանկում 18-րդն էր։ Հայտնի է դարձել նաև, որ այդ միլիարդատերերի 58 տոկոսը ոչ թե ժառանգություն է ստացել իր կարողությունը, այլ վաստակել է սեփական աշխատանքով։

Ընդհանուր առմամբ աշխարհում միլիարդատերերի թիվը վերջին մեկ տարում աճել է 199-ով՝ հասնելով 2․158-ի։ Իսկ նրանց ընդհանուր կարողությունը աճել է 19 տոկոսով՝ կազմելով 8․9 տրիլիոն դոլար։

Ուշագրավ է, որ ամենից շատ նոր միլիարդատերեր են ի հայտ եկել Չինաստանում, որտեղ գործնականում յուրաքանչյուր շաբաթ միլիարդատերների թիվն ավելանում է 2-ով։

Մյուս կողմից, Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ 2017թ․ դրությամբ Թուրքիայի բնակչության՝ ամենաբարձր եկամուտներ ունեցող 20 տոկոսը տնօրինում է երկրի ընդհանուր եկամուտների 47․4 տոկոսին։ Իսկ ամենացածր եկամուտներ ունեցող 20 տոկոսը օգտվում է ընդհանուր եկամուտների ընդամենը 6․3 տոկոսից։ Բնակչության 14 տոկոսը մշտական աղքատության մեջ է , իսկ 69․2 տոկոսը պարտքեր ունի։ Բնակչության 28․7 տոկոսը կամ շուրջ 23 մլն մարդ ունի լուրջ ֆինանսական խնդիրներ։

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս