«Ալիևի հետ մեկ րոպեանոց հանդիպումը Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց, Բոլթոնի հետ հանդիպման մասին լռում է». Գառնիկ Իսագուլյան

«ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցի ընթացքում արված հայտարարություններն այնքան մտահոգիչ չեն, որքան դրան հետևած քննարկումների փուլն ամբողջությամբ վերցրած։ Վստահ եմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միայնակ չի նստում տան մի անկյունում և որոշումներ կայացնում, նա ունի խորհրդատուներ, և հավանաբար նրանց խորհուրդներով է, որ արվում են որոշակի հայտարարություններ։ Մենք գիտենք, որ Փաշինյանը բաց է ժողովրդի առաջ և նրան ասում է ամեն ինչ, օրինակ, եթե Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ չորս րոպեով հանդիպում է, ապա նա անպայման չորս շաբաթ դրա մասին խոսում է։

Ալիևի հետ ընդամենը մեկ րոպե քայլելով զրուցել էին, բայց դրա մասին այնքան ասվեց Հայաստանում, որ զարմանում եմ, թե այդ ինչպես են հացրել մեկ րոպեում, այն էլ՝ ճանապարհի վրա, այդքան բան պարզել։ Բայց Ջոն Բոլթոնի հետ մեկ ժամից ավելի ունեցած զրույցից ոչինչ չի հայտնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով Ջ. Բոլթոնի հայաստանյան այցին և նրա կողմից հնչեցրած հայտարարություններին։

Ըստ Գառնիկ Իսագուլյանի, երբ Բոլթոնի հայտարություների հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանին հարցեր են ուղղում, նա պատասխանում է, թե Բոլթոնը ներկայացրել է իր և ԱՄՆ-ի, այլ ոչ թե՝ Հայաստանի տեսակետները։ Սակայն վարչապետի պաշտոնակատարը չի ասում՝ արդյո՞ք համաձայն է Բոլթոնի այս կամ այն հայտարարության հետ։

«Մարդ, որը խոսում է ժողովրդի անունից և ասում է, թե ամեն ինչ անում է բացառապես ժողովրդի թելադրանքով, այդ նույն ժողովրդին չի ասում, թե մեկ ժամից ավելի ինչ են խոսել Ջոն Բոլթոնի հետ: Ահա սա է ամենամտահոգիչ պահը։ Մոսկվայում Բոլթոնն առանձին հանդիպում ունեցավ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ՌԴ պաշտպանության նախարարի և այլոց հետ, բայց Հայաստանում նա պաշտպանության և արտաքին գործերի նախարարների և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպեց միաժամանակ, չեմ հասկանում՝ սա հանդիպման ի՞նչ ձևաչափ է։ Դրանից հետո նայել եմ Անվտանգության խորհրդի քարտուղարի հարցազրույցը, զարմանում եմ, թե նա ինչ էր խոսում, կա՛մ նրանք այդ հանդիպումից ոչինչ չեն հասկացել, կա՛մ հասարակությանն ասում են բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն։ Նա ասում է, թե այս այցով հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացան նոր մակարդակի։

Կարդացեք նաև

Օրինակ, եթե տղան և աղջիկն իրար սիրում են՝ նոր մակարդակը նշանվելն է, հաջորդը՝ ամուսնանալը, մյուս մակարդակը, երբ միասին երեխա են ունենում։ Հիմա ուզում եմ հասկանամ, այս հանդիպման ընթացքում իրար սեր խոստովանեցի՞ն, նշանվեցի՞ն, ամուսնացա՞ն, թե՞ արդեն երեխա ունեցան։ Այսինքն՝ այդ ի՞նչ հարցեր են քննարկել, որ եկել են ընդանուր եզրակացության և հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացրել են նոր մակարդակի»,- շեշտեց Գ. Իսագուլյանը։

Գառնիկ Իսագուլյանի համար զարմանալի է, որ այս այցի հետ կապված պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գրառումից հետո շատերը սկսեցին նրան մեղադրել, թե նա իրավունք չունի խոսելու, քանի որ Հյուսիսային պողոտայում տուն ունի։ Նրա կարծիքով՝ հակառակը պետք է լիներ, ի դեմս իշխանության՝ պետք է կազմակերպվեր քննարկում, որպեսզի տեսանելի լիներ, որ Հայաստանում կան տարբեր տեսակետներ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս