«Առավոտից երեկո Փաշինյանը խոսում էր հպարտ կեցվածքի, ինքնիշխան լինելու մասին. սա՞ է ինքնիշխանությունդ». Էդուարդ Շարմազանով

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ

– Պարոն Շարմազանով, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ Հայաստանը պետք է հրաժարվի «պատմական կաղապարներից», որին հետևեց ՌԴ ԱԳՆ կոշտ պատասխանը։ Այս փուլում հայ-ռուսական հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ մտահոգություններ ունեք։

– Առհասարակ արտաքին հարաբերությունները և դիվանագիտությունը շատ ավելի լուրջ և խորքային են, քան կենացների մակարդակով հայտարարություններ անելը։ Հայ-ռուսական, հայ-ամերկիյան, հայ-եվրոպական, հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի համար շատ լուրջ նշանակություն ունեն, իսկ հայ-ռուսականը՝ առանձնահատուկ, որովհետև Ռուսաստանը մեր դաշնակիցն է։ Առնվազն անլուրջ է, երբ Նիկոլ Փաշինյանը՝ դեռ որևէ պայմանագիր չկնքած Ռուսաստանի հետ, ջնջում է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի արածն ու հայտարարում, որ հայ-ռուսական հարաբերությունները երբևէ այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել, ինչ այսօր։ Դա ուղղակի ծիծաղելի է, դու այս 6 ամսվա մեջ հայ-ռուսական հարաբերությունների համար ի՞նչ ես արել, պարոն Փաշինյան։

Տեր-Պետրոսյանը 1997թ. կնքել է Հայ-ռուսական մեծ համաձայնագիրը, Ռոբերտ Քոչարյանի օրոք մենք մտել և խորացրել ենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ում, Սերժ Սարգսյանի ժամանակ խորացրել ենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ում, նաև մտել ենք ԵՏՄ, ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկարաձգել ենք, օրենք ենք ընդունել, որ գործարանային գներով զենք ստանանք ՀՀ-ի համար, դու ի՞նչ ես արել։ Եթե երեք նախագահների իրականացրածի 5 %-ն անես, կասենք՝ ապրես, բայց բացի կենացներ ասելուց՝ այլ բան չես արել։

Ընդհակառակը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վրա քրեական գործ եք հարուցել, որը շատ լուրջ հարցականի տակ է դրել Հայաստանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելը, և եթե Խաչատուրովը հետ է կանչվում, չնայած՝ Փաշինյանի հավաստիացումներին, որ մինչև 2020թ. ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը լինի գլխավոր քարտուղար, ես լուրջ կասկածներ ունեմ, որ Հայաստանը չի ստանձնի գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչի ամբողջական մեղավորն ինքն է լինելու։

Այդ ի՞նչ փայլուն հարաբերություն է, երբ Լավրովը հայտարարում է, որ ՀՀ իշխանությունը մի բան ասում, այլ բան է անում։ Այդ ի՞նչ փայլուն հարաբերություն է, երբ ես հիմա գտնվում եմ Մոսկվայում, իսկ ՀԱՊԿ ԽՎ-ի նիստը Երևանից տեղափոխվում է Մոսկվա։ Դա՞ է փայլուն հարաբերությունը։ Այս 6 ամսվա ընթացքում քանի՞ փամփուշտ է բերել Հայաստան, վարչապետն իր խոսքի արժեքը գիտակցո՞ւմ է։ Վարչապետ Փաշինյանն իր խոսքի արժեքը չի գիտակցում, որ գիտակցի, նման բառեր չի շռայլի։ Ա՛յ ախպեր, մենք «Իսկանդեր» ենք բերել, մենք չենք ասում՝ փայլուն է, մենք ռուսական ռազմաբազայի համաձայնագիրը երկարաձգել ենք, մենք չենք ասում՝ փայլուն է, մենք ԵՏՄ ենք մտել, չենք ասում՝ փայլուն է, Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը չեն ասել՝ փայլուն է, դու ո՞նց ես ասում՝ փայլուն է։ Եթե փայլունի հոմանիշը ոչինչ չանելն ու հետընթաց արձանագրելն է, միգուցե փայլուն է։

Էլ չեմ ասում՝ Բոլթոնի հայտարարությունը։ Առավոտից երեկո Փաշինյանը խոսում էր հպարտ կեցվածքի, ինքնիշխան լինելու մասին. սա՞ է ինքնիշխանությունդ։ Մեր իշխանության ժամանակ որևէ ամերիկացի պաշտոնյա իրեն նման բան թո՞ւյլ է տվել։ Եթե մեր իշխանության ժամանակ մեկը նման բան ասեր, Փաշինյանը կասեր՝ վայ, այս ինչ է կատարվում։ Հիմա, երբ Բոլթոնն ասում է, որ պետք է ազատվել պատմական կաղապարներից, որո՞նք են այդ կաղապարները. հայ ավանդական ընտանիքը, եկեղեցին, հայ-ռուսական հարաբերությունները, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, թե Արցախի հարցը։

– Արցախի հարցի հետ կապված՝ Հայաստանում Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ ընտրություններից հետո Արցախի հարցի հակամարտության կարգավորման հարցում վճռական քայլեր իրականացնելու ժամանակն է։ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ Ջոն Բոլթոնը և ընդհանրապես որևէ մեկը չի կարող խոսել իր անունից, և ըստ վարչապետի՝ չի կարող լինել որևէ լուծում, որն ընդունելի չի լինի Հայաստանի, Արցախի ժողովուրդների ու Արցախի իշխանությունների համար։ Այդ դեպքում Բոլթոնն ինչո՞ւ նման հայտարարություն արեց, ի՞նչ սպասենք Արցախի հիմնահարցի լուծման առումով։

– Փաշինյանը պետք է ոչ թե՝ ասի, որ ոչ ոք իր անունից չի կարող խոսել, այլ՝ որպես պետության ղեկավար, պետք է հստակ հայեցակարգ ունենա Արցախի հարցում։ Փաշինյանը Արցախի և մյուս հարցերում չունի հայեցակարգ։ Ի՞նչ է նշանակում՝ պետք է ժողովուրդը որոշի. բա որ ժողովուրդը պետք է որոշի, հրապարակը պետք է որոշի, դու էլ ինչի՞ համար ես ղեկավար։ Ո՞ր երկրում է ժողովուրդը որոշել նման կարևոր հարցերը։

Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը բացում էին երկրորդ ճակատը, Չերչիլն ու Ռուզվելտը ժողովրդին հրավիրեց, ասեց՝ տեսնենք՝ ով բարձր կգոռա՞։ Կամ, երբ ԱՄՆ-ը Իրաք զորք մտցրեց, ժողովո՞ւրդը որոշեց։ Քաղաքական ղեկավարությունը նրա համար է, որ այս կարևոր պատասխանատվությունը վերցնի իր վրա, ոչ թե գա ասի՝ ժողովուրդ, ի՞նչ անենք, այլ ասի՝ ժողովուրդ, այսպես եմ պատկերացնում, սա է իմ կարծիքը։ Քաղաքական գործիչն իր հայեցակարգը պետք է ունենա։

Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ չեմ բացառում, որ այս՝ իշխանափոխություն եք կոչում, հեղափոխություն եք կոչում, հիմքում դրված է նաև Արցախի հարցը։ Ես հիմա հարց եմ տալիս, ի՞նչ նկատի ունի Բոլթոնը, երբ ասում է, որ, երբ մանդատ ստանա, Արցախի հիմնահարցի լուծման առաջին քայլը Փաշինյանը կանի, ի՞նչ առաջին քայլի մասին  է խոսքը։

Ադրբեջանը ռազմատենչ հռետորաբանություն է բանեցնում, 2016թ. իրականացրել է ապրիլյան պատերազմը, սպառազինությունների մրցավազք է սկսել, Ադրբեջանի ղեկավարությունն ասում է՝ Երևանն իմն է, Զանգեզուրն էլ՝ հետը. Էդ ի՞նչ քայլ պետք է անի Փաշինյանը։ Քայլ պետք է անի Ադրբեջանը, և այդ քայլը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը։ Պետք է հստակ ասվի, որ Հայաստանը դեմ է «տարածքներ՝ հանուն խաղաղության» բանաձևին, նախկինում եղել է՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևը։

Այն ժամանակ Ադրբեջանն էլ էր ասում՝ տարածքներ տվեք, չկրակենք ձեր վրա։ 1998թ. երբ Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան եռյակը ճանապարհեց Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողական քաղաքականությունը, մենք 20 տարի հետո վերադառնում ենք այդ քաղաքականությա՞նը։ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թեզի շարունակո՞ղն է։ Կուզեմ այս հարցի շուրջ լսել Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի կարծիքը։ Այսօր Բոլթոնի ասածը հենց դա է՝ տարածքներ՝ հանուն խաղաղության։ Մենք պետք է լուծենք ոչ թե հետևանքները, այլ՝ պատճառները։

– Այսինքն՝ ԱՄՆ-ը Ադրբեջանի օգտին լուծումնե՞ր է առաջարկում։

– Հիմա չեմ ուզում ասել՝ ԱՄՆ-ն է առաջարկում, համանախագահներն են առաջարկում, թե ով է առաջարկում, ինձ շատ լուրջ անհանգստացնում է այդ «պատմական կաղապարներից ազատվել» արտահայտությունը և այն, որ Փաշինյանը լեգիտիմ կլինի և Արցախի հարցում առաջնորդությունը կվերցնի իր ձեռքը։ Բայց Արցախի հարցում առաջին քայլը պետք է Ադրբեջանն անի և ճանաչի Արցախի կարգավիճակը, այն, ինչ մերժել է։ Կամ թե՝ Թուրքիայում ի՞նչ քայլ պետք է անենք, սահմանը մե՞նք են փակել։ Քայլ պետք է անի Թուրքիան, մենք 2009թ. մեր քայլն արել ենք, ասել ենք՝ առանց նախապայմանների։

– Պարոն Շարմազանով, Բոլթոնն Իրանի վերաբերյալ էլ է մտահոգիչ հայտարարություններ արել, դրանք ինչպե՞ս եք գնահատում, արդյո՞ք անդրադարձ կունենան հայ-իրանական հարաբերությունների վրա։

– Այո, շատ մտահոգիչ է. Իրանը շատ կարևոր խաղացող է մեր տարածաշրջանում։ Ի տարբերություն Թուրքիայի՝ արցախյան հակամարտության ողջ ընթացքում Իրանն ունեցել է հստակ հավասարակշռված դիրքորոշում, չի արձագանքել կամ բացասական է արձագանքել թուրք-ադրբեջանական՝ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերին, Իրանում մենք ունենք հայկական գաղութ, հայկական համայնք, Իրանն արտաքին աշխարհի հետ մեր երկու ճանապարհներից մեկն է, և իրավունք չունենք Իրանի հետ հարաբերություններում սպասարկել այս կամ այն գերտերության շահերը։

Այստեղ պետք է ունենանք շատ սթափ քաղաքականություն, և այն, ինչ առաջարկվում էր, ավանտյուրիզմ էր։ Մտահոգիչն այն է, որ մեր երկրի ղեկավարը չի արձագանքում։ Ռիչարդ Միլսը շատ կարևոր հայտարարություն է անում, Փաշինյանն ասում է՝ հեռացող դեսպանի հայտարարություն է, Լավրովը բան է ասում, ասում է՝ շոգ է Երևանում, այդպես չի լինում։ Փաշինյանի կողքին խելքը գլխին մարդ չկա՞, որ ասի՝ կամ լռիր, կամ նորմալ պատրաստվիր։ Հիմա ամսի 1-ին էլ կգա ու մատ թափ կտա պառլամենտում, կասի՝ էդ կոռուպցիոներ հանրապետականները քանդեցին, էս արին, էն արին։ 6 ամսվա մեջ ի՞նչ ես արել, այ ընկեր։ Երբ իրենց կարդում եմ՝ ինձ թվում է՝ արդեն 10 երկիր Ցեղասպանությունը ճանաչել է, Թուրքիան էլ է ճանաչել, Արցախի կարգավիճակը ճանաչվել է, բայց տեսնում ենք, որ միայն հետընթաց ենք արձանագրել։

– Այս իրավիճակն ի վերջո ինչի՞ կարող է հանգեցնել, ի՞նչ եք պատրաստվում անել։

– Քաղաքական ուժերը նրա համար են, որ այս իրավիճակը բացասական ազդեցություն չունենա ՀՀ-ի և Արցախի վրա։ Մեր՝ քաղաքականության մեջ մնալու միակ և գլխավոր պատճառը՝ սպասարկել ՀՀ-ի և Արցախի շահերը։ Ես մեռա ասելով, որ Հայաստանի առջև լուրջ մարտահրավերներ կան, որոնք ավելի տեսանելի են դառնալու ընտրություններից հետո։ Եթե ՔՊ-ականները ոգևորված ասում են՝ հես ա կգանք՝ էսքան ձայն կհավաքենք, այդ ձայնը հավաքելու հետ՝ նաև պատասխանատվությունն է ձեր վրա ավելանում, տեղյա՞կ եք՝ ինչ պատասխանատվության տակ եք մտնում, տեղյա՞կ եք՝ ինչ մարտահրավերներ են լինելու։ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու, ասեմ՝ իմացեք, պարոն Փաշինյան։

Տեսանյութեր

Լրահոս