«Վարչապետի հռետորաբանությունը չէր ընդգծում, որ նա կարևորում է նոր Ընտրական օրենսգրքի» ընդունումը. Դանիել Իոաննիսյան
Երեկ Ազգային ժողովում արդեն 2-րդ անգամ տապալվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» (ԸՕ) սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին քվեարկությունը. այս անգամ արդեն չբավականացրեց մեկ ձայն։
Որքան էլ որ ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները պնդում են, որ այն տապալվեց ՀՀԿ-ի հերթական սաբոտաժի արդյունքում, փաստ է մի բան, որ ՀՀԿ-ն այլևս խորհրդարանում մեծամասնություն չունի և ուղղակիորեն քվեարկությունը տապալել չէր կարող։
ԸՕ-ի քվեարկության տապալման պատճառների մասին երեկ իր տեսակետն է հայտնել այդ փոփոխությունները նախաձեռնող հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։
Նա մասնավորապես նշել է, որ Ընտրական օրենսգրքի ընդունումը հստակ ձեռք չէր տալիս այն ուժերին, ովքեր չէին ուզում, որ Հայաստանում ձևավորվի նոր քաղաքական մշակույթ, ովքեր չէին ցանկանում, որ գալիք խորհրդարանը լինի առավել քաղաքական։
Նա չբացառեց նաև, որ ԸՕ-ի քվեարկության տապալման պատճառներից մեկն էլ կարող էր լինել վերջին 2 ամիսներին վարչապետի հռետորաբանության փոփոխությունը։
«Այդ հռետորաբանությունը չէր ընդգծում, որ վարչապետը կարևորում է նոր ԸՕ-ի ընդունումը։ Եվ երբեմն՝ նույնիսկ ընդհակառակը, անցած շաբաթ վարչապետը հայտարարեց, որ ԸՕ-ի չընդունումն անգամ որոշ առումով ծառայություն կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,- պարզաբանեց Դանիել Իոաննիսյանը։
Նա հավելեց, որ ինքը չի կարծում, թե Կառավարությունը շահագրգիռ չէր նոր ԸՕ-ի ընդունմամբ, բայց հստակ է, որ այն նրա առաջնահերթություններում պատշաճ տեղ չէր զբաղեցնում։
«Ընտրական օրենսգիրքը հեղափոխության 4 հիմնական հանգույցներից մեկն էր՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի, ժողովրդի սատարած վարչապետի թեկնածուի վարչապետ ընտրվելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ միասին։ Եվ ես կարծում եմ, որ չէր կարելի առաջնահերթություններում այսքան հետ մղել Ընտրական օրենսգրքի ընդունումը»,-իր տարակուսանքը հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահը։
Նա ևս մեկ անգամ շեշտեց նաև, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետներն անակնկալ կերպով դեկտեմբեր բերելն էապես նպաստեց սաբոտաժի՝ հաջողության հասնելու հավանականության բարձրացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ
Կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ
Gepostet von GALA TV am Montag, 29. Oktober 2018