
Հեղեղման հետևանքով ջրի տակ է անցել Վենետիկի մոտավորապես 75 տոկոսը

Իրադրությունը Վենետիկում, որտեղ եղանակային պայմանների պատճառով ջրի մակարդակը սովորականից ավելի շատ էր բարձրացել, աստիճանաբար վերադառնում է նորմային: Ինչպես հոկտեմբերի 30-ին հայտնել է ANSA գործակալությունը, կանխատեսումների համաձայն, ջրի մակարդակը մոտ ժամանակներս կհասնի 110 սանտիմետրի, կրիտիկական նշագիծը համարվում է 130 սանտիմետրը:
Նախօրյակին ջուրը բարձրացել էր գրեթե 160 սանտիմետրով, ինչը հանգեցրեէր քաղաքի 75 տոկոսի հեղեղմանը: Ամբողջությամբ ջրի տակ էր հայտնվել Սուրբ Մարկոսի կենտրոնական հրապարակը: Վենետոյի մարզի (վարչական կենտրոնը Վենետիկն է) նահանգապետ Լուկա Ձայան կրիտիկական է որակել տարածաշրջանի իրադրությունը եւ նշել, որ անբարենպաստ եղանակը հատկապես մեծ վնասներ է հասցրել այս մարզին:
Պաշտոնյան նախազգուշացրել է, որ աղետը կարող է հասնել 1966 թվականի մասշտաբներին, երբ հեղեղումն ընդգրկեց նաեւ Ֆլորենցիան, ինչպես նաեւ Տոսկանայի եւ Իտալիայի հյուսիսի այլ քաղաքներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: