Այդպես համարում է Մոսկվան, թեև դժվար է գտնել Բոլթոնի միջամտության որևէ փաստարկ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի դեպարտամենտը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստանում արած հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերում էին Հայաստանին սպառազինության առաջարկին, նաև ինքնիշխանության կարևորությանը, «պատմական կաղապարներից» ազատվելուն:

Հատկանշական է, որ հայտարարությունը տարածվել է բավականին ուշացումով, և տպավորություն է, որ Մոսկվայում կամ առնվազն ՌԴ ԱԳՆ-ում որոշակի ժամանակ շփոթություն է եղել Բոլթոնի հայտարարությունների կապակցությամբ, և չեն իմացել, թե ինչպես արձագանքեն դրանց:

Հազիվ թե իրատեսական լինի «նոր միայն իմանալու» տարբերակը, և կասկած չկա, որ Բոլթոնի այցին Մոսկվայից հետևել են բավականին ուշադիր:

Առավել ևս, որ Ջոն Բոլթոնը Կովկաս և այդ թվում՝ Հայաստան այցելել է Մոսկվայից հետո, որտեղ հանդիպել է այդ երկրի նախագահ Պուտինին և պայմանավորվել նոյեմբերի 11-ին Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի առիթով կայանալիք Վեհաժողովի շրջանակում Թրամփ-Պուտին հանդիպման մասին:

Այս ֆոնին ՌԴ ԱԳՆ ուշացած հայտարարությունը առանձնակի հետաքրքիր է դառնում, առավել ևս այն պարագայում, երբ հայտարարությունը, փաստորեն, ունի շատ ընդհանրական ստորագրություն՝ ԱԳՆ մամուլի դեպարտամենտ: Այն դեպքում, երբ սովորաբար այդօրինակ հայտարարություններն արվում են կամ խոսնակի, կամ փոխնախարարի մակարդակով:

Ահա այս միջավայրային ֆոնին հետաքրքիր է բովանդակությունը, որը ստանդարտ է՝ Բոլթոնը միջամտել է Հայաստանի ներքին գործերին, ընդ որում՝ անկաշկանդ: Այդպես համարում է, իհարկե, Մոսկվան, թեև դժվար է գտնել Բոլթոնի միջամտության որևէ փաստարկ: Իսկ որևէ մեկը կասկածի տակ կարո՞ղ է դնել, որ Հայաստանի համար առանցքային է ինքնիշխանությունն ու անկախությունը որևէ քաղաքական կենտրոնի ազդեցությունից:

Իսկ Բոլթոնը կասկածի տակ դրե՞լ է հայ-ռուսական բարեկամությունը, որի մասին ակնարկում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունը: Բոլթոնն ընդամենը ազդարարել է Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չդնելու կարևորությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս