
Մեծ Բրիտանիան շրջանառության մեջ կդնի Brexit-ին նվիրված հուշադրամ

2019 թվականին շրջանառության մեջ կդրվի հուշադրամ՝ նվիրված Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն: Այս մասին ասված է բյուջետային ուղերձում, որը Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմոնդը հոկտեմբերի 29-ին ներկայացրել է Համայնքների պալատում (խորհրդարանի ստորին պալատում):
«Գոյություն ունեցող ավանդույթի (նշանակալից իրադարձությունները հավերժացնելու – ծանոթ. խմբ.) շրջանակներում Թագավորական դրամահատարանը կթողարկի մետաղադրամ՝ նվիրված Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն: Այն մատչելի կլինի սկսած 2019 թվականի գարնանից»,- նշված է 109-էջանոց փաստաթղթում:
Բրիտանական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը վերաբերում է 50-փենսանոց մետաղադրամին: Դրա դիմերեսին, ըստ ավանդույթի, պատկերված կլինի կառավարող միապետի՝ Եղիսաբեթ Բ-ի դիմանկարը: Դարձերեսին կլինի «Բարեկամություն բոլոր ազգերի հետ» մակագրությունը, որը, հեղինակների մտահղացմամբ, «դրական ազդանշան կտա ամբողջ աշխարհին»:
Հուշադրամը պետք է շրջանառության մեջ մտնի ուղիղ հինգ ամիս անց՝ 2019 թվականի մարտի 29-ին՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ենթադրյալ օրը: Նախագծի հեղինակները Brexit-ի օրը կդրոշմեն միապետի պատկերով կողմի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: