
Պաղեստինը հրաժարվեց ճանաչել Իսրայելը և նրա հետ դադարեցրեց համագործակցությունն անվտանգության շուրջ

Պաղեստինը հրաժարվում է Իսրայել Պետության ճանաչումից եւ նրա հետ դադարեցնում է համագործակցությունն անվտանգության ոլորտում: Ինչպես հայտնել է Maan պաղեստինյան լրատվական գործակալությունը, այս որոշումն ընդունվել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության Կենտրոնական խորհրդի՝ հոկտեմբերի 29-ի երեկոյան Ռամալլահում կայացած նիստում։
«ՊԱԿ-ի Կենտրոնական խորհուրդը որոշում է ընդունել Իսրայել Պետության ճանաչումը սառեցնել այնքան ժամանակ, քանի դեռ չի ճանաչվել Պաղեստին Պետությունը 1967 թվականի սահմաններով եւ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով,- ասված է ԿԽ-ի ամփոփիչ որոշման մեջ:- Բացի այդ, դադարեցվում է կոորդինացումը անվտանգության ոլորտում, ինչպես նաեւ կասեցվում է տնտեսական համագործակցությունը»: Միաժամանակ ՊԱԿ-ը հռչակում է«միջազգային իրավունքի նորմերին համապատասխան օկուպացմանը բոլոր միջոցներով դիմադրելու» իր իրավունքը:
Բացի այդ, Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ՀԱՄԱՍ-ի վրա է դրել ամբողջ պատասխանատվությունը միջպաղեստինյան հաշտության շուրջ բոլոր այն համաձայնությունների վիժեցման համար, որոնք ձեռք էին բերվել Եգիպտոսի միջնորդությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: