Ի՞նչ պատճառներով են անհանգստացած ոստիկանությունն ու ԿԳ նախարարությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ մեզ հասած լուրերի, Հայաստանի ոստիկանությունն ու կրթության և գիտության նախարարությունը որոշակի անհանգստություններ ունեն՝ կապված միջին և ավագ դպրոցների ու քոլեջների աշակերտների դաստիարակության, պահվածքի, ինչպես նաև այդ հասակի երեխաների շրջանում ինքնասպանությունների ու դրանց փորձերի քանակի առումով:

Մեր տեղեկություններով, այդ պատճառով է, որ կազմակերպվում են համատեղ հանդիպումներ դպրոցների ու քոլեջների աշակերտների ծնողների հետ, որպեսզի վերջիններիս զգուշացնեն առկա մտահոգությունների մասին և կոչ անեն առավել ուշադիր լինել իրենց երեխաների պահվածքին, հագուկապին, ինչպես նաև համացանցային «նախասիրություններին»:

Սակայն թերթի խմբագրություն դիմած մի քանի ծնողներ պնդում էին, որ այդ հանդիպումների ժամանակ չափազանց շատ է փորձ արվում մեղքը բարդել ծնողների վրա հատկապես համացանցից օգտվելու առումով հսկողության տեսակետից, այնինչ դա շատ ավելի գլոբալ ու պետության միջամտության կարիք ունեցող խնդիր է՝ ուսումնասիրելու վտանգ ներկայացնող խաղերը, էջերը կամ նույնիսկ կայքերը ու սահմանափակելու դրանց տարածումը երկրում:

Մյուս կողմից, նման հանդիպումները առավելապես միակողմանի իրազեկման ընթացակարգ են ունենում, և ծնողների առաջարկների ու դիտողությունների դեպքում նույնիսկ նշումներ չեն անում կազմակերպիչները: Այնինչ, ծնողների կարծիքով, այդ գովելի նախաձեռնությունները շատ ավելի օգտակար կլինեն, եթե գործի նաև հետադարձ կապի մեխանիզմը, այսինքն, հանդիպումների արդյունքները ամփոփվեն երկու գերատեսչություններում և կոնցեպտուալ եզրահանգումներ արվեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս