Հայաստանին ժամանակ է հարկավոր
«Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ճիշտ էին մի շարք վերլուծաբանների, այդ թվում՝ իմ կասկածներն ընտրությունների արդյունքների վերաբերյալ, քանի որ իսկապես անկանխատեսելի, բավականին «կեղտոտ» ընտրապայքար էր ծավալվել, որի ընթացքում ցանկացած աղմկահարույց միջադեպ թեկնածուներից մեկի կամ նրան սատարող ուժի շուրջ ակնթարթորեն շրջվում էր ընդդեմ այդ թեկնածուի: Այս ընտրությունների միջավայրն էր այդպիսին, ու չնայած սպասումներին, որ հանգիստ ընտրական գործընթաց է լինելու, ընտրապայքարը ծավալվեց թեժ, և այն թեժացրին հենց սատարող կուսակցությունները, ասես հենց նրանք են առաջադրված»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով կիրակի օրը Վրաստանում անցկացված նախագահական ընտրություններին:
Անդրադառնալով այն զուգահեռներին, որոնք տարվում են այս օրերին Հայաստանի և Վրաստանի քաղաքական և ընտրական գործընթացների միջև՝ վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն ասել է, որ, ի վերջո, Հայաստանում ևս, ինչպես վերջին ավագանու ընտրություններն են ցույց տվել՝ քվեարկությունն արտացոլել է իրական հանրային տրամադրությունները:
«Կարծում եմ` առաջիկայում ևս այդպես կլինի: Սակայն կարևոր է, որ հեղափոխությանը հաջորդող ժամանակաշրջանում քաղաքական համակարգը վերականգնվի, և հանրային տրամադրություններն իրենց տեղն ընկնեն, և հաստատվի իրական ժողովրդավարական քաղաքական գործընթաց: Վրաստանը կարող է օրինակ լինել հարևան Հայաստանի համար:
Ներկայիս վերելքի պայմաններում հանրությունը մեծ աջակցություն է ցուցաբերում արդեն իշխող ուժին, բայց ժողովրդավարությունը ենթադրում է առողջ մրցակցություն, առողջ տրամադրություններ, և, ինչպես Վրաստանին, այնպես էլ՝ Հայաստանին, ժամանակ է հարկավոր, որպեսզի ընտրություններն առանց կաշկանդվելու հնարավոր լինի կոչել ժողովրդավարական, ժամանակ է հարկավոր, որպեսզի հասարակությունը հասկանա, թե ինչ փոփոխություն է տեղի ունեցել, և որքանով է այն հեռանկարային»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: