
Ճապոնիայի Այակո արքայադուստրը հրաժարվել է տիտղոսից և ամուսնացել հասարակ մարդու հետ

Տոկիոյի Մեյձի տաճարում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Այակո արքայադստեր եւ նրա ընտրյալի՝ Կեյ Մորիտայի պսակադրության արարողությունը: Այդ մասին հայտնել է «Մայնիտի» թերթը:
«Հարսի սանրվածքն արված էր Հեյան դարաշրջանի (794-1185 թվականներ) ոճով, եւ նրան հագցրել էին ավանդական հանդերձ՝ կարմիր եւ կանաչ նախշերով»,- նշել է հրատարակությունը: 28-ամյա արքայադուստր Այակոն 2002 թվականին վախճանված Նորիհիտոյի, որը Ճապոնիայի Ակիհիտո կայսեր զարմիկն է, դուստրն է: Այակոյի 32-ամյա ամուսինն արիստոկրատ չէ, նա աշխատում է «Նիպոն Յուսեն» խոշոր նավագնացային ընկերությունում:
Թերթը նշում է, որ, ըստ ավանդույթի՝ կանայք, ովքեր ամուսնանում են կայսերական ընտանիքի անդամների հետ, ինքնաբերաբար դառնում են դրա անդամը: Միեւնույն ժամանակ աղջիկներն, ովքեր իրենց ամուսնական կապերով են կապում հասարակ մարդու հետ, ինչպես Այակոն, պետք է հրաժարվեն տիտղոսից:
Անցյալ շաբաթ արքայադուստրը հրաժեշտ է տվել Ակիհիտո կայսերը եւ արքունիքի անդամներին: Ըստ որում, Japan Times-ի տեղեկություններով՝ հարսանիքից անմիջապես հետո Այակոն պետությունից կստանա 1,3 միլիոն դոլարի չափով վճարում, որպեսզի կարողանա պահպանել այն ապրելակերպը, որը համապատասխանում է իր նախկին կարգավիճակին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: