Ուժեղ քամին պոկել և ցած է շպրտել Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքը

Ուժեղ քամին ամբողջությամբ պոկել եւ ցած է շպրտել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վերին Գետաշենի դպրոցից, բարեբախտաբար, դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7.30-ի սահմաններում, այլապես շատ դժվար կլիներ խուսափել հնարավոր դժբախտություններից:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ մասնաշենքի կտուրը լրիվ բաց է մնացել 436 քառակուսի մետր մակերեսով, իսկ տեղումներից առաջացած կաթոցները վնասում են առաստաղը, պատերն ու հատակը, դասապրոցեսի համար ստեղծում դժվարին պայմաններ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, արտակարգ դեպքին տեղում ծանոթանալու համար Վերին Գետաշենի միջնակարգ դպրոց այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Ինչպես զեկուցեցին մարզպետին՝ այս տարվա փետրվար ամսին էլ քամի քշել ու ցած էր նետել դպրոցի մյուս մասնաշենքի տանիքը:«Երկու դեպքում էլ քամին քշել է այն տանիքները, որոնք կառուցվել են 2009 թվականին: Մյուս մասնաշենքերի՝ ավելի վաղ կառուցված տանիքները դիմացել են, իսկ ավելի ուշ կառուցվածները՝ ոչ: Կարծում եմ, որ տվյալ դեպքում գործ ունենք անորակ շինարարության հետ»-ներկայացրեց դպրոցի տնօրեն Հասմիկ Բաղդասարյանը: Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ մարզպետը հանձնարարեց մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը՝ սեղմ ժամկետներում գտնել ժամանակավոր ու արդյունավետ լուծում, մինչեւ որ օրենքով սահմանված ընթացակարգով կձեռնարկվի մասանաշենքի տանիքի տեղադրումը:

«Տանիքի վերականգնման համար պետք է գտնենք համապատասխան միջոցներ, ինչը պահանջում է որոշակի ժամանակ ու ջանքեր: Դրա համար հարկավոր է գտնել միջանկյալ ու ժամանակավոր լուծում, որպեսզի մի կողմից դասապրոցեսը չտուժի, մյուս կողմից էլ մասնաշենքը պաշտպանվի հետագա քայքայումից»,-նշեց Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս