Բաժիններ՝

Համաշխարհային Բանկն առաջիկա տարիներին Հայաստանում կանխատեսում է ուղղակի ներդրումների աճ

Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցի գնահատականների համաձայն՝ Հայաստանում ՀՆԱ նկատմամբ օտարերկրյա ուղղակի զուտ ներդրումներն ընթացիկ տարում կկազմեն 3%՝ 2017թ. 2%-ի փոխարեն, իսկ մինչև 2020 թվական կանխատեսվում է, որ այդ ցուցանիշը կհասնի 3.9%-ի։

Ըստ զեկույցի՝ հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականությունը, ինֆլյացիայի ցածր մակարդակը և առևտրի համար բարենպաստ պայմանների առկայությունը կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը, իսկ ՀՆԱ իրական աճը 2018թ. կլինի շուրջ 5.3%: Կայուն արտաքին պահանջարկը, մետաղների բարենպաստ գները, ներդրումների ավելի մեծ ծավալները  և մասնավոր սպառման ամրապնդումը զգալիորեն նպաստել են 2018 թվականին Հայաստանի տնտեսության շարունակական աճին։

Զեկույցի համաձայն՝` համախառն կապիտալի կուտակումը, որն իր մեջ ներառում է հիմնական միջոցներում ներդրումները ու պաշարների ավելացումը, 2018 թվականին աճելու է մինչև 15.2%՝ գրեթե կրկնակի գերազանցելով 2017 թվականի 7.7% ցուցանիշը։

 ՀԲ կանխատեսումների համաձայն՝ տարածաշրջանային և գլոբալ ռիսկերը կարող են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի միջնաժամկետ աճի հեռանկարների վրա։ Դրանք կարող են հիմնական տնտեսական ցուցանիշների դանդաղման պատճառ հանդիսանալ՝ ինչպես Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների (Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն) հետ առևտրային հարաբերությունների վատթարացման, այնպես էլ՝ պղնձի համաշխարհային գների անկմամբ պայմանավորված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս