Բաժիններ՝

Ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասանուհին՝ ըստ Forbes-ի

Կոլումբիացի եւ ամերիկացի դերասանուհի Սոֆյա Վերգարան, որը նկարահանվել է «Ամերիկյան փոքր ընտանիք» կատակերգական սերիալում (2009 թ.), յոթերորդ անգամ անընդմեջ, ըստ Forbes հանդեսի վարկածի, գլխավորել է ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասանուհիների ցուցակը: Վարկանիշը հոկտեմբերի 25-ին հրապարակվել է հրատարակության կայքում։

Հանդեսի տվյալների համաձայն, 2017 թվականի հունիսից մինչեւ 2018 թվականի հունիս ամիսը դերասանուհին վաստակել է 42,5 մլն դոլար: Նշվում է, որ այդ գումարի գրեթե կեսը Վերգարային բերել են գովազդային պարտավորագրերը եւ լիցենզիոն համաձայնագրերը:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է դերասանուհի Քեյլի Քուոկոն (24,5 մլն դոլար), որի եկամտի 95 տոկոսը բերել է «Մեծ պայթյունի տեսությունը» (2007 թ.) սերիալում խաղացած նրա դերը: Երրորդ դիրքում հաստատվել է Էլեն Փոմպեոն՝ «Կրքի անատոմիան» սերիալից (2005 թ.): Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 23,5 մլն դոլար: 13 մլն դոլար շահույթով չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է «Օրենք եւ կարգ: Հատուկ կորպուս» (1999թ.) սերիալի դերակատարուհի Մարիշկա Հարգիթեյը: Առաջատարների հնգյակը եզրափակում է«Ամերիկյան փոքր ընտանիքի» եւս մեկ դերասանուհի՝ Ջուլի Բոուենը՝ 12,5 մլն դոլար եկամուտով:

Ութերորդ տեղը պատկանում է Քերի Վաշինգթոնին (11 մլն դոլար), որն «Սկանդալ» հեռուստասերիալի (2012-2018 թթ.) գլխավոր դերակատարն է: Իններորդ հորիզոնականում տեղ է զբաղեցրել Քլեր Դեյնսը՝ «Հայրենիք» ժապավենից (2011 թ.), տասներորդում՝ Փոլի Փերեթը (8,5 մլն)՝ «Ծովային ոստիկանություն. հատուկ բաժին» սերիալից (2003 թ.): Ընդամենը, ինչպես նշում է Forbes-ը, 2017 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը ամենաբարձր վարձատրվող տասը հեռուստատեսային դերասանուհիները վաստակել են 168,5 մլն դոլար, ինչը 12 միլիոն դոլարով ավելի է նախորդ տարվա ընթացքում (156,5 մլն դոլար) վարկանիշի առաջատարների միագումար վաստակից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս