Նորվեգիայի ապագա թագուհին անբուժելի հիվանդ է
Նորվեգիայի գահաժառանգ արքայադուստր Մետե-Մարիտը՝ նորվեգական գահի ժառանգորդ Հաակոնի կինը, պատմել է, որ իրեն անբուժելի հիվանդություն են ախտորոշել: Այդ մասին հայտնել է BBC News տեղեկատվական պորտալը: Բժիշկները նրա մոտ թոքերի ոչ սովորական ֆիբրոզ են հայտնաբերել:
Այս հիվանդության դեպքում թոքերում սպիներ են առաջանում, ինչը դժվարացնում է շնչառությունը: Ախտորոշումն արվել է հիվանդության վաղ փուլում: Մետե-Մարիտը նշել է, որ ապագայում ինքը, հնարավոր է, ստիպված կլինի ավելի քիչ ներկա գտնվել թագավորական ընդունելություններին:
Սակայն այժմ նա մտադիր չէ հրաժարվել աշխատանքից: «Իմ նպատակն է՝ շարունակել աշխատել եւ որքան կարելի է շատ մասնակցել պաշտոնական միջոցառումներին»: Մետե-Մարիտը, որն առաջ մատուցողուհի էր աշխատում եւ դաստիարակում էր թմրանյութերի առեւտրով զբաղվող նախկին ամուսնուց ունեցած դստերը, գահաժառանգ Հաակոնի հետ ծանոթացել էր 1990-կան թվականներին անցկացված երաժշտական փառատոնի ժամանակ: 2001 թվականին նրանք հարսանիք են արել: