Վահրամ Բաղդասարյանը կոչ է անում զինվել համբերությամբ

Առաջիկայում ՀՀԿ-ն համաժողով կանի և կորոշի դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին իր մասնակցության հարցը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ մասնակցության դեպքում կուսակցական ցուցակը միանշանակ պետք է լինի քաղաքական և կլինի ընդդիմությանը հարիր ցուցակ, առավել ևս, որ իրենք ընդդիմադիր կերպարով են հանդես գալիս:

Հարցին՝ ՀՀԿ նախընտրական ցուցակը Սերժ Սարգսյա՞նն է գլխավորելու, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ՝ քանի որ միանձնյա կարծիքներ մենք չենք հայտնում, քանի որ մեր համաժողովը մոտ օրերս պետք է տեղի ունենա, և դրա վերաբերյալ դեռ չկա քաղաքական որոշում, մի փոքր հաբերությամբ զինվեք, և մենք կհայտարարենք դրա մասին»:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ի նպատակն է լինելու ձևավորել քաղաքակիրթ խորհրդարան: «Մեզ համար գերնպատակ չի եղել լինել իշխանություն կամ ընդդիմություն: Քաղաքական զարգացումների արդյունքում քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն լինել և՛ ընդդիմություն, և՛ իշխանություն»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ն պատրաստ է լինել նաև փոքրամասնություն, բայց այդ գնահատականը պետք է տա ժողովուրդը:

ՀՀԿ-ի նպատակը, ըստ նրա, լինելու է իրենց դեմքը ցույց տալը, վերականգնվելը. «Կլինի՞ հնարավորություն, մենք կվաստակենք համապատասխան ձայներ, չի՞ լինի, կլինենք որպես ընդդիմադիր: Հնարավոր է այնպես լինի, որ ընդհանրապես ներկայացված չլինենք, բայց մոտեցումը քաղաքական է»:

Որպես ընդդիմություն, Բաղդասարյանի հավաստմամբ, ՀՀԿ-ն լինելու է արմատական և կառուցողական:

Տեսանյութեր

Լրահոս