Բաժիններ՝

«Այս համերգով ցանկանում եմ ընդգծել Երևանի հանդեպ իմ անսահման սերը, քաղաք, որտեղ ծնվել, մեծացել և ապրում եմ»

Ջազ կոմպոզիտոր, հայտնի դաշնակահար Գարի Քյոսայանը հանդես կգա համերգով՝ նվիրված Երեւանի 2800-ամյակին։ Այն տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 28-ին։

Համերգին կհնչեն շուրջ երկու տասնյակ ստեղծագործություններ, որոնցից 7-ը՝ առաջին անգամ։ Կոմպոզիտորը նշել է, որ դրանցից մեկը նվիրված է լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին, մյուսը՝ իր կնոջը՝ Ալլա Սահակյանին, երրորդը՝ մայրաքաղաք Երեւանին։

Պրեմիերաների շարքում են նաեւ «Լույսի ճանապարհը», «Արմենիա», «Ինքնադիմանկար», «Abricot tree» ստեղծագործությունները։ «Գարի Քյոսայան» ջազ քառյակի կազմում են՝ ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը, հարվածային գործիքներ՝ Արմեն Մովսիսյանը, կոնտրաբաս՝ Արմեն Հովակիմյանը, մեներգչուհի Ալլա Սահակյանը։

Առաջին անգամ ջազ քառյակի հետ ելույթ կունենա կիթառահար Կարեն Սեդրակյանը, որի հետ աշխատել է երկար տարիներ։ Ա. Սահակյանի հետ իր սիրելի կոմպոզիտորի ստեղծագործությունները կկատարի նաեւ փոքրիկ Կարինե Իգնաթյանը։

«Այս համերգով ցանկանում եմ ընդգծել Երեւանի հանդեպ իմ անսահման սերը, քաղաք, որտեղ ծնվել, մեծացել եւ ապրում եմ։ Այն ինձ համար աշխարհի ամենալավ քաղաքն է։ Շատ տարբեր քաղաքներ եմ տեսել, սակայն Երեւանն առանձնանում է մյուսներից»,- ասել է Քյոսայանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս