«Մեզ անընդհատ փորձում են տարբեր սև ուժերի հետ կապել, բայց մենք անընդհատ չենք ապացուցելու, որ ընձուղտ չենք»

«Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ եղած Ընտրական օրենսգրքով, եթե օրենքը գործում է և ցանկացած ընտրախախտման փորձ պատժելի է, որևէ ընտրական կեղծիք անհնար է տեղի ունենա: Հետևաբար՝ եթե կառավարությունը նույնիսկ չհասցնի ցուցակները մաքրել և այլն, ես այդտեղ մեծ խնդիր չեմ տեսնում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Ըստ նրա՝ իրավապահներն իրենց տեղում են լինելու, օրենքը գործելու է և ամեն ինչ լինելու է օրենքի շրջանակներում:

Գ.Գորգիսյանը նշեց, որ առաջիկա ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է «Հանրապետություն» կուսակցության հետ միասին՝ «Լույս» դաշինքով:

Անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե «Լույսը» լինելու է Նիկոլ Փաշինյանի «գրպանային ընդդիմությունը», Գորգիսյանը հայտարարեց, որ Փաշինյանի ծիծաղն էլ կգա Շարմազանովի այդ հայտարարության վրա.

«Նախ՝ Հանրապետականները ամեն ինչ չափում են իրենց արշինով, դա իրենք տեսել են, որ ինչ-որ կերպ վերահսկում էին ընդդիմություններին: Չկա որևէ լծակ մեր վրա, չի էլ եղել նույնիսկ Հանրապետականի վրա: Մենք քաղաքականություն մտել ենք նման երևույթները բացառելու համար: Դա չի կարող որևէ աղերս ունենալ իրականության հետ: Մեր ստեղծման օրվանից մեզ անընդհատ փորձում են տարբեր սև ուժերի հետ կապել, բայց մենք անընդհատ չենք ապացուցելու, որ ընձուղտ չենք»:

Գորգիսյանը կոչ արեց՝ փաստեր հրապարակել, եթե կարող են:

Նրա կարծիքով՝ նոր խորհրդարանում չի լինելու այն ընդդիմությունը, որ մինչ օրս կար, իրողություններն այլ են, իշխանությունում չկան կոռումպացված հանցագործներ, քրեաօլիգարխիկ տարրեր և լինելու է գաղափարների ու ծրագրերի բախում, ու ընդդիմադիր ագրեսիան տեղ չի ունենա:

Գորգիսյանը նշեց, որ «Ելք» դաշինքը լավ աշխատեց, և այժմ «Լույսը» գնում է ընտրությունների՝ ԱԺ-ում երկրորդ տեղ զբաղեցնելու նպատակով ու թույլ չտալու, որ իշխանությունը շեղվի հեղափոխական արժեքներից:

Տեսանյութեր

Լրահոս