«Մենք այդ բանաձևի գոյությունը համարել ենք ամենաադեկվատ արձագանքը տարածաշրջանում. Դրա վերանայումը մեզ մտահոգում է»
ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը չափազանց կարևոր և հեռուն գնացող է, ուստի պատահական չէ, որ նա տարածաշրջանային այց է կատարում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Բոլթոնի ակնարկները իսկապես կենսական նշանակություն ունեն թե՛ տարածաշրջանի, թե՛ ՀՀ արտաքին քաղաքականությունն իրականացնելու առումով: Դրա համար մենք ասում էինք, որ ՀՀ ամենաճիշտ արտաքին քաղաքականությունն այն է, որ հասկանալի լինի գերտերությունների մոտ, որ ՀՀ-ն նույն կեցվածքով է հանդես գալիս թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում»,- ասաց Ռուստամյանը:
Ըստ նրա՝ պետք է ցույց տալ, որ մեր հարաբերությունները բխում են մեր կենսական անհրաժեշտությունից:
Իրանի դեպքում, Ռուստամյանի խոսքով, ԱՄՆ-ը խնդիր ունի, բայց Բոլթոնն ասում է, որ Հայաստանն ավելին չի անում, քան իր կենսական անհրաժեշտությունից է բխում:
Անդրադառնալով Բոլթոնի հայտարարությանը, թե ամերիկյան զենքն ավելի որակյալ է, քան ռուսականը, և եթե ՌԴ-ից զենք ենք գնում, կարող է և ԱՄՆ-ը վաճառել, Ռուստամյանը նշեց, որ միջնորդ կողմերը կա՛մ պետք է ընդհանրապես որևէ մեկին զենք չտրամադրեն, կա՛մ այնպես տրամադրեն, որ բալանսը չխախտվի.
«Այսինքն՝ չեն կարող Ադրբեջանին ավելի շատ զենք տրամադրել, քան Հայաստանին: Հենց հավասարակշռությունը խախտվում է, այդտեղ են սկսվում ագրեսիան և ռազմական գործողությունները: Այսօր Հայաստանը հետ է ընկել զինանոցի կուտակման գործընթացից»:
Ռուստամյանի կարծիքով, եթե Բոլթոնն ի նկատի ունի, որ Հայաստանին տրամադրեն այնպիսի զինատեսակներ, որ հավասարակշռեն բալանսը, լավ է, բայց Բաքվում էլ է այդ հարցը բարձրացվել և դա մտահոգիչ է:
Նա շետեց, որ Հայ դատի գրասենյակները երկար աշխատել են, որ գործի ԱՄՆ Ազատության աջակցման ակտի 907 բանաձևը, որն արգելում է ամերիկյան կառավարական օգնության հատկացումը Ադրբեջանին, ինչպես նաև այդ բանաձևով ուղղակի աջակցություն կա նաև Ղարաբաղին.
«Մենք իսկապես այդ բանաձևի գոյությունը համարել ենք ամենաադեկվատ արձագանքը տարածաշրջանում: Դրա վերանայումը մեզ մտահոգում է»:
Ա.Ռուստամյանը նշեց, որ ՌԴ-ն անփոխարինելի է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, դա չհասկանալը վտանգավոր է ՀՀ ցանկացած իշխանության համար.
«Ռուսաստանն այլընտրանք չունի»: